Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը հաստատեց պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-23 թվականների ռազմավարություն

Կառավարությունը հաստատեց պետական ֆինանսների կառավարման համակարգի 
2019-23 թվականների ռազմավարություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Կառավարությունը հաստատեց Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ)  2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019–2023 թվականների գործողությունների ծրագիրը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 28-ի նիստում ռազմավարությունը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«14 ոլորտներ են ընդգրկված ռազմավարությունում, այդ ամբողջը ծածկում է պետական ֆինանսների կառավարման համակարգը, թվով 27 բաղադրիչներ են առանձնացված և այդ բաղադրիչների համար 56 թիրախներ են առաջարկված ռազմավարության նախագծով, որոնց համար 63 կատարողական վերջնական արդյունքային ցուցանիշներ են սահմանված»,- ասաց Ջանջուղազյանը։

Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների տեսլականը հանրային բարիքի  արդար բաշխումն ապահովելն է:

Դրա համար պետք է ապահովել կարգավորումների, կանխատեսումների և որոշումների համարժեքություն, հանրային բարիքի հասցեական, արդյունավետ և խնայողաբար օգտագործում, թափանցիկության, հաշվետվողականության և հսկողության ամբողջականություն:

Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների նպատակներն են՝ ուժեղացնել հարկաբյուջետային կարգապահությունը և բարձրացնել բյուջետային համակարգի կանխատեսելիությունը` ձևավորելով մակրոտնտեսական կայունության ապահովման երաշխիքներ։

Բացի այդ՝ ապահովել հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը՝ մակրոհիմնարարների և հարկաբյուջետային կանոնների հիման վրա ծրագրված քաղաքականությանը համապատասխան՝ հաշվի առնելով, որ շեղումները կարող են առաջացնել ինչպես հարկաբյուջետային, այնպես էլ ընդհանուր մակրոտնտեսական ռիսկեր և վտանգել մակրոտնտեսական կայունությունը, նվազեցնել պետական կառավարման նկատմամբ վստահելիությունը, ինչպես նաև ունենալ բացասական ազդեցություն ՀՀ վարկանիշի և օտարերկրյա ներդրումների ներգրավման վրա։

Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների նպատակներից են նաև նվազագույնի հասցնել ծրագրված և փաստացի ցուցանիշների միջև շեղումները՝ սահմանելով մեխանիզմներ, որոնք թույլ կտան բացահայտել բյուջեի կատարման գործընթացում պլանավորվածից շեղումների առաջացման պատճառները և քայլեր ձեռնարկել՝ հետագայում դրանց կանխարգելման համար, երաշխավորել, որ միջոցները կապակցված են հիմնական քաղաքականությունների հետ և համապատասխանում են գերակայություններին և քաղաքականության թիրախներին։

ՊՖԿՀ բարեփոխումների արդիական և կարևոր խնդիրներից է նաև հանրային բարիքի օգտագործման հաշվետվողականությունը և թափանցիկությունը, թվայնացումը և տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից գործիքների կիրառումն ապահովելը։ Միասնական տվյալների բազայի հիման վրա կառուցված Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգը (ԿՖԿՏՀ) կապահովի պետական ֆինանսական կառավարման համակարգի միասնականությունը և ամբողջականությունը։

Տեսլականի և նպատակների կյանքի կոչման պատասխանատուն ՀՀ կառավարությունն է, իսկ այդ գործընթացի առաջնորդությունը և կազմակերպումն իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am