Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Արմենպրեսը» խոշոր նախագծերով կտոնի Հաղթանակի 75-ամյակը. Անանյանը ելույթ է ունեցել Մոսկվայում

 «Արմենպրեսը» խոշոր նախագծերով կտոնի Հաղթանակի 75-ամյակը. Անանյանը 
ելույթ է ունեցել Մոսկվայում

ՄՈՍԿՎԱ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի (ԱՊՀ ինֆորմխորհրդի) 27-րդ նիստը նոյեմբերի 25-ին գումարվել է Մոսկվայում՝ օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ունենալով Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքների քննարկումը:

«Մեծ հաղթանակի տոնակատարություններին նախապատրաստության գործում տեղեկատվական-որոնողական աշխատանքների փորձը» խորագրով ելույթում «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն անդրադարձել է Մեծ Հայրենականին նվիրված նախագծերին, ներկայացրել է հաղթանակի կերտման գործում նաև «Արմենպրես»-ի (նախկինում՝ «Հայհեռագործ»-ի) աշխատակիցների ներդրումները:

««Արմենպրես»-ի թղթակիցները Մեծ Հայրենականի հաղթանակին իրենց նպաստն են բերել՝ թե զենքը ձեռքին կռվելով հանուն հայրենիքի, թե գրչով և վրձինով ստեղծելով արդիական ու որակյալ տեղեկատվություն, թե 100-ից ավելի գեղարվեստական բարձր արժեք ներկայացնող պլակատներով, որոնց թվայնացումն ու հրապարակումը գործակալությունն արդեն իրականացրել է 5 տարի առաջ՝ հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ»,-նշել է «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը:

Բացի ավանդական միջոցառումների և իրադարձությունների լուսաբանումից, տնօրենի հավաստմամբ, «Արմենպրես»-ը մի քանի հետաքրքրական նախաձեռնություններ նույնպես իրականացնելու է, որոնցից են օրինակ արմենպրեսական ֆոտոթղթակից Սուրեն Խոսրոևի ռազմաճակատային լուսանկարների թվայնացումը, ինչպես նաև նախագիծը, որը պայմանականորեն անվանվել է «61», որի շրջանակներում թվայնացվել են Երևանում ձևավորված 61-րդ դիվիզիայի մարտիկներին պատկերող Սուրեն Խոսրոևի շուրջ վեց տասնյակ նկարները:

Պատերազմի տարիներին «Հայհեռագործ»-ի աշխատակիցների գրիչը զենքով է փոխարինվել. գործակալության փոխտնօրեն Ավետիս Դեբենցը, խմբագիր Արտյոմ Շահբազը, թղթակից Կոլեշնիկովը և ուրիշներ մեկնել են ռազմի դաշտ: Նրանցից եզակիներն են ապրել տունդարձի բերկրանքը: Այդ երջանիկներից էր Անդրանիկ Սաֆարյանը, որը գործակալությանն անդամագրվել էր 1928 թվականից: Տուն վերադառնալով` նա նորից անցավ իր պաշտոնատեղին, աշխատեց երկար տարիներ, մինչև կենսաթոշակի գնալը: Թղթակից Էդվարդ Շահնազարյանն էլ (հետագայում` Արմենպրեսի թղթակից, խմբագիր, պատասխանատու քարտուղար) վառոդի հոտն առավ տակավին պատանի հասակում, Կովկասի մատույցներում:

ԱՊՀ-ի Ինֆորմխորհուրդը կազմավորվել Է 1995 թվականի նոյեմբերին: Դրա կազմի մեջ մտնում են՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի պետական լրատվական ծառայությունների ղեկավարները: ԱՊՀ-ի Ինֆորմխորհրդի գործունեությունը նպատակամղված Է տեղեկատվության ոլորտում ԱՊՀ-ի երկրների փոխգործակցության եւ համագործակցության ապահովմանը, տեղեկատվության անարգել տարածման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը եւ մասնագիտական գործունեության փորձի արդյունավետ փոխանակմանը, ինչպես նաեւ մեդիագործընկերության ամրապնդմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am