Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Ձեռնարկատիրոջ ջիղը ՀՀ-ում ամենուր ակնառու է. ԱՄՆ դեսպանը Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին

Ձեռնարկատիրոջ ջիղը ՀՀ-ում ամենուր ակնառու է. ԱՄՆ դեսպանը Կարիերայի և 
ձեռնարկատիրության տոնավաճառին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նշանավորելով Ձեռներեցության համաշխարհային շաբաթը՝ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին նոյեմբերի 22-ին փակման խոսքով հանդես է եկել դեսպանության հովանու ներքո Երևանում ընթացող Կարիերայի և ձեռնարկատիրության երրորդ տոնավաճառին, որը եռօրյա Կարիերայի ճամբարի եզրափակիչ միջոցառումն էր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։

«ԱՄՆ առաջնորդ այցելուների ծրագրի շրջանավարտ Հայկուհի Գևորգյանի կազմակերպած ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել աշխատարանների ու քննարկումների, որոնց ընթացքում արծարծվեցին ապագա աշխատատեղերի ու ապագա հմտությունների հարցերը, կենսագրական պատրաստելու և աշխատանքային հարցազրույց անցնելու նրբությունները և, իհարկե, ձեռներեցությանն առնչվող հարցերը։

«Այս վերջին ինն ամիսների ընթացքում Հայաստանի շատ վայրերում եմ եղել ու հասկացել եմ, որ Հայաստանում կա իրական հնարավորություն։ Ձեռնարկատիրական ջիղը Հայաստանում ամենուր ակնառու է՝ սկսած արհեստագործ վարպետներից, որոնց ես հանդիպեցի Բերդի մեղրի ու հատապտուղների փառատոնի ընթացքում, մինչև Սյունիքի գյուղացիական տնտեսություններ, որոնք Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի միջոցով փորձում են ընդլայնել իրենց շուկաներն ու ֆինանսական հնարավորությունները», - ասաց դեսպան Թրեյսին։ 

Տոնավաճառին ներկա էին շուրջ 45 գործատուներ, որոնք ներկայացնում էին իրենց թափուր աշխատատեղերը՝ հուսալով հենց այստեղ գտնել շնորհալի ու լավ կադրեր, որոնք կհամալրեն թափուր աշխատատեղերը, կանցնեն պրակտիկա իրենց մոտ կամ կկատարեն կամավորական աշխատանքներ։

Կարիերայի ճամբարը Հայաստանում ԱՄՆ դեսպանության հովանու ներքո անցկացվող առաջատար ծրագիր է՝ նվիրված աշխարհի բազմաթիվ քաղաքներում նոյեմբերի 18-ից 24-ը նշվող Ձեռներեցության համաշխարհային շաբաթվան, որի նպատակն է ճանաչել նորարարների ներդրումները և ձեռներեցների համար կապեր ստեղծել հնարավոր գործընկերների, մենթորների և ներդրողների հետ։ Այն սկիզբ է առել 2008թ․-ից և ամեն տարի նշանավորվել է շուրջ 170 երկրում՝ հազարավոր միջոցառումներով ու միլիոնավոր մասնակիցներով և դարձել աշխարհով մեկ ձեռներեցության ոգին խթանելու կարևոր նախաձեռնություն։ 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ