Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

Կառավարությունը հավանության արժանացրեց դատավորների բարեվարքության գնահատման մասին օրինագիծը

Կառավարությունը հավանության արժանացրեց դատավորների բարեվարքության 
գնահատման մասին օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց դատավորների բարեվարքության գնահատման վերաբերյալ օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին հարցը ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված հերթական գործողությունն է, որը միտված է անկախ, անաչառ, կոռուպցիայից զերծ և արդյունավետ գործող դատական իշխանություն ունենալու տեսլականին, որը սահմանել ենք ռազմավարությամբ: Նախագծի հիմնական նպատակն է՝ ապահովել արդյունավետ և համալիր իրավական հիմքեր դատավորների բարեվարքության համար, հետևյալ դրություններով՝ գույքային դրության ստուգում, արհեստավարժություն և հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, անկողմնակալություն, որոշակի կապերից, ազդեցություններից ազատ որոշում կայացնելու հնարավորություն»,- ասաց Բադասյանը:

Դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու համար պատասխանատու է լինելու Բարձրագույն դատական խորհուրդը:

Մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ:

Իր ելույթում նա նշել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

Փաթեթով առաջարկվող հիմնական բարեփոխումներն են՝

  1. Հստակեցվել են դատավորի վարքագծի կանոնները և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը:

ա. Մասնավորապես, ավելացվել են այնպիսի վարքագծի կանոններ, որոնց խախտումը կասկածի տակ է դնում դատավորի անկախությունը, անկողմնակալությունը և անկաշառությունը, օրինակ՝ նախագծով նախատեսվում է դատավորի վարքագծի կանոն սահմանել նաև գույքի, եկամուտների և շահերի ամբողջական հայտարարագրի ներկայացումը, ինչպես նաև գույքի փոփոխության դեպքում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պատշաճ նյութերի ներկայացումը, որը կհիմնավորի այն հանգամանքը, որ գույքի փոփոխությունը հիմնավորվում է օրինական եկամուտներով,

բ. Բոլոր կետերում ընդգծվել է, որ կարգապահական խախտումը պատասխանատվության հիմք կարող է լինել միայն այն դեպքում, երբ կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,

գ. հանվել է շփոթությունների տեղիք տվող՝ կոպիտ կարգապահական խախտման ինստիտուտը և հստակեցվել էական կարգապահական խախտման շրջանակները, դ. կարգապահական վարույթ հարուցելու առիթների (ոչ հիմքերի) ցանկում ավելացվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը, որի վերաբերյալ վերջնական որոշում, կրկին, կայացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը:

  1. Ընդլայնվել են կարգապահական տույժերի տեսակները: Մասնավորապես, գործող օրենսգրքով ամրագրված՝ կարգապահական տույժի տեսակներին ավելացել է միջին խստության տույժ՝ պատասխանատվության պատշաճ և համաչափ գործիքներ ներդնելու նպատակով: Մասնավորապես, նոր տույժի տեսակներ են ՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելքը և դատարանի նախագահի, կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատումը: 
  2. Կատարելագործվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը:

Այսպես,

ա) կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների թվին ավելացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերում խնդիրներ հայտնաբերելու դեպքում,

բ) 5 տարի ժամկետով և միայն դատավորներից բաղկացած Կարգապահական հանձնաժողովը նախատեսվում է փոխարինել 2 տարի ժամկետով ընտրվող Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովով, որի անդամները, բացի դատավորներից, ընդգրկում են նաև հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված իրավաբան գիտնականներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը նախատեսվել է նաև Ուսումնական հարցերի հանձնաժողովում,

գ) երկարացվել են կարգապահական վարույթ հարուցելու ժամկետները, քանի որ գործող ժամկետներն օբյեկտիվորեն հնարավորություն չեն ընձեռնում վարույթ հարուցող մարմիններին համարժեք արձագանքել կարգապահական խախտումներին,

դ) Բարձրագույն դատական խորհրդին լրացուցիչ գործիքներ են տրվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցն արդյունավետ քննելու համար: Մասնավորապես, ըստ նախագծի խորհուրդը կարող է սեփական նախաձեռնությամբ հրավիրել վկաներ, նշանակել փորձաքննություն և պահանջել ապացույցներ՝ մի բան, որ գործող կարգավորման պայմաններում կարող է անել միայն դատավորի միջնորդությամբ,

ե) նախատեսվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու կառուցակարգ, որն ամբողջական դարձնելուն, սակայն, առկա են սահմանադրական խոչընդոտներ:

 

  1. Դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման կարգավորումները կատարելագործվել են. ներդրվել է գրավոր քննության արդյունքները բողոքարկելու կառուցակարգ, ինչպես նաև հարցազրույցի փուլից առաջ հատուկ դատավորի համար անհրաժեշտ որակների ստուգման համար մշակված հոգեբանական թեստավորման համակարգ: Ի հավելումն, թեկնածուների ընտրության համար սահմանվել է բաց քվեարկություն, ինչը կբարձրացնի գործընթացի թափանցիկությունը:
  2. Կարևոր է նաև դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմի իջեցումը քսանութից քսանհինգ, ինչպես նաև դատավորի թեկնածուների հավակնորդերին և առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում իրավաբան գիտնականների ընգրկման պայմանների վերանայումը: Այս փոփոխությունը թույլ կտա դատական համակարգ ներգրավել երիտասարդ, կասկածելի կամ վարկաբեկող կապեր չունեցող, համակարգի այլ ներկայացուցիչների հետ կախվածության կամ կապվածության մեջ չգտնվող անձանց: Հարկ է ընդգծել, որ Վենետիկի հանձնաժողովը, քննարկելով դատավորների թեկնածուների նվազագույն տարիքային շեմին վերաբերող հարցը, շեշտել է, որ եվրոպական չափանիշները վերաբերում են արժանիքների վրա հիմնված և խտրականությունը բացառող ընտրությանը և չեն նախատեսում տարիքի վերաբերյալ համընդհանուր չափանիշ:
  3. Մանրամասն կարգավորում է ստացել դատավորների գործունեության գնահատումը, նախատեսվել է հատուկ այդ գործառույթի իրականացման համար հանձնաժողով:
  4. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում ևս կատարվել են համարժեք փոփոխություններ: Մասնավորապես, օրենքը համապատասխանեցվել է Դատական օրենսգրքին՝ վարքագծի կանոնների վերաբերելի մասով, այդ թվում՝ հայտարարագրերը  պատշաճ կերպով ներկայացնելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անհրաժեշտ նյութեր      տրամադրելու մասով: Բացի այդ, որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ գույքային դրության ստուգման արդյունքում կարգապահական վարույթ նախաձեռնելու տարբերակ առաջարկվել է հանձնաժողովի կողմից Ազգային Ժողով միջնորդություն ներկայացնելու մոդելը, որն էլ կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու նպատակով:
  5. Նախագծերի փաթեթով որդեգրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է նաև բարեփոխումներ կատարել կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառի օրենքներում, որոնք դրական ազդեցություն կունենան ոչ միայն դատավորների և դատավորների թեկնածուների, այլև այլ հայտարարատու հանրային ծառայողների բարեվարքության գնահատման գործում: Այս համատեքստում առաջարկվում է՝

 

  1. Հայտարարագրերի վերլուծության գործընթացի արդյունավետության տեսանկյունից կարևորվում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի ընդլայնումը, միաժամանակ, առաջարկվում է նաև իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու պարտականություն նախատեսել պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձանց համար՝ սահմանելով նաև այդ պարտականությունը չկատարելու համար պատասխանատվություն: Միաժամանակ, որպես անձի իրավունքների պաշտպանության ապահովման երաշխիք նախագծով սահմանվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝  իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշման բողոքարկման հնարավորությունը:
  2. Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ բանկային, առևտրային, ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելու և ստանալու հնարավորության տրամադրումը:
  3. Հստակեցվում են դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության և կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ ԿԿՀ լիազորությունները:
  4. Առաջարկվում է վերադառնալ ԿԿՀ կազմավորման մրցութային կարգին՝ միջազգային չափանիշներին համապատասխանությունը և գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով:
  5. Առաջարկվում է նաև ՏՀԶԿ առաջարկություններին համապատասխան ՀՀ քրեական օրենսգրքի հավելվածով սահմանել կոռուպցիոն հանցագործությունների սպառիչ ցանկը:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ