Վարչապետը ժամանեց Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցի
ՄԻԼԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Միլանից, վարչապետին դիմավորեց Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Այնտեղ ՀՀ վարչապետին սպասում էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Բարիգալստյան աղոթքից հետո ելույթով հանդես եկավ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Դիմելով ՀՀ վարչապետին՝ նա նշեց. «Ես տեղյակ եմ, որ Ձեր կարևորագույն առաքելության հիմնակետը փոփոխությունն է՝ հայրենիքի, հայրենի ժողովրդի և մեր ազգի կյանքում: Եվ բնականաբար փոփոխությունները երբեմն դժվարություններ են բերում, հետևաբար մեր աղոթքն է, որ դուք Ձեր առաքելության ճանապարհին քաջ կերպով շարունակեք ինչ-որ սկսել եք՝ հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ժողովրդի բարելավման ու մեր հայրենիքի լուսավոր ապագայի համար: Ես գիտեմ, որ մանավանդ երիտասարդ սերունդը Ձեզնով խանդավառ է»:
Նա հիշեց հալեպահայ մի երիտասարդի, որը Երևանում է հաստատվել և անցնող 2 տարիներին Իտալիա է եկել՝ ուսումը և աշխատանքը շարունակելու համար, խանդավառված է «Իմ քայլը» շարժումով և շարժման ղեկավարով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում