Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Մրցակցության միջազգային օրվան 
նվիրված համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 20-ին մասնակցել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից կազմակերպած Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին:

Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարությունը բազմիցս հայտարարել է ու գործով ապացուցել, որ  Հայաստանում տնտեսական դաշտը բաց է, պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն լինելու,  տնտեսվարողները կարող են զբաղվել իրենց նախընտրած բիզնեսով: Ազատ և բարեխիղճ մրցակցության ապահովումը կառավարության առաջնահերթություններից է, իսկ մրցակցությունը տնտեսության շարժիչ ուժն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետի խոսքով ՏՄՊՊՀ-ն կարևոր առաքելություն ունի՝ խրախուսել  ազատ և մրցակցային շուկաները: Նա ընդգծել է, որ անցած 7 ամիսների ընթացքում ՏՄՊՊՀ-ն մեծածավալ աշխատանք է կատարել, մասնավորապես իրականացվել են ուսումնասիրություններ,  որոնք աննախադեպ են իրենց ծավալով և ընդգրկման շրջանակով:

Տիգրան Ավինյանը կարևորել է աշխատանքը միջազգային գործընկերների հետ, հատկապես արդյունավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում և հույս հայտնել, որ լավ հիմքերի վրա դրված այս  գործընկերությունը հետագայում էլ ավելի կընդլայնվի և կխորանա:

Փոխվարչապետը շեշտել է նաև, որ կառավարությունը բաց է երկխոսության համար, միշտ պատրաստ է լսել տնտեսավարողների բարձրացրած խնդիրները, որպեսզի էլ ավելի բարելավի տնտեսության մրցակցային միջավայրը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ