Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փաշինյանը աշխարհի երիտասարդներին կոչ արեց հիմա սկսել ապագայի կերտման գործընթացը

Փաշինյանը աշխարհի երիտասարդներին կոչ արեց հիմա սկսել ապագայի կերտման 
գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխարհում ապրող բոլոր երիտասարդների կոչ արեց հենց այս պահից սկսել ապագայի կերտման գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 12-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ընթացքում:

«Ես կցանկանայի կոչ հղել հատկապես երիտասարդներին, որովհետև իրականում նրանցն է ապագան: Ես կոչ եմ անում, որ նրանք իրենց մտքում պատկերացնեն ապագան, որի մեջ ապրելու են, և հիմա սկսեն կառուցել այդ ապագան: Այդ ամենի համար, անկասկած, կրթություն է անհրաժեշտ: Մենք պանելային քննարկման ընթացքում քննարկեցինք կրթության կարևորությունը: Մեր հիմնական առաքելությունն է՝ կրթությունը ավելի հասանելի դարձնել բոլոր երիտասարդների համար, սակայն ես վստահ եմ, որ կրթությունը կարևոր է բոլորի համար, անկախ տարիքից, որովհետև իմ կարծիքով կրթությունը երկարաժամկետ գործունեություն է: Այսպիսով, իմ կոչն է երիտասարդներին՝ ստեղծել, սկսել ապագայի կերտման գործընթացը հիմա»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում մասնակցեց 40-րդ Գլխավոր կոնֆերանսի «Reinventing learning» թեմատիկ քննարկմանը, որին մասնակցում էին նաև Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Գլխավոր կոնֆերանսը ներառում է կազմակերպության անդամ բոլոր 193 պետությունների ներկայացուցիչներին: Այն կազմակերպվում է տարին երկու անգամ, և նրա աշխատանքներին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր անդամ-պետություններն ու ասոցացված անդամները: Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու համար դիտորդի կարգավիճակով հրավիրվում են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ չհանդիսացող պետությունները, միջկառավարական կազմակերպությունները և հասարակական կազմակերպությունները: Յուրաքանչյուր անդամ-պետություն Գլխավոր կոնֆերանսի ընթացքում մեկ ձայնի իրավունք ունի, անկախ իր չափերից և բյուջեում ներդրման ծավալներից: Գլխավոր կոնֆերանսը հաստատում է կառույցի ծրագիրն ու բյուջեն: Կոնֆերանսն ընտրում է Գործադիր խորհրդի անդամներին և չորս տարին մեկ անգամ նշանակում Գլխավոր տնօրենին: Գլխավոր ասամբլեայի աշխատանքային լեզուներն են անգլերենը, արաբերենը, իսպաներենը, չինարենը, ռուսերենն ու ֆրանսերենը: Գլխավոր կոնֆերանսն ընտրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուղղությունն ու ընդհանուր գործունեության գիծը: Այս տարի 40-րդ կոնֆերանսը կդառնա գաղափարների համընդհանուր լաբորատորիա` ուղղված բազմակողմանի նոր մոտեցումներին` մի շարք արդիական հարցերի վերաբերյալ `բարձրագույն կրթությունից մինչև արհեստական բանականություն: Այս տարի կոնֆերանսի շրջանակում Բարձրագույն կրթության ավելի քան 100 նախարարներ Գլխավոր կոնֆերանսի ընթացքում կմասնակցեն ներառականության և շարժունակության նախարարների խորհրդի գլխավոր խորհրդաժողովին: Փարիզում 1998թ. ի վեր տեղի կունենա նաև մշակույթի նախարարների ամենամեծ հավաքը` Զարգացման մշակութային քաղաքականության միջկառավարական խորհրդաժողովից հետո: Մշակույթի նախարարների համաժողովում ավելի քան 107 նախարար կքննարկի մշակույթի տեղը հասարակական քաղաքականության և կայուն զարգացման գործում: քաղաքականության և կայուն զարգացման գործում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am