Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստան են ժամանում լեգենդար երաժիշտներ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստան են ժամանում լեգենդար 
երաժիշտներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հուրախություն դասական երաժշտության սիրահարների, հայ մշակութային կյանքը հարստացավ եւս մեկ ուշագրավ նախաձեռնությամբ: Նոյեմբերի 1-9-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։ Մշակութասերները փառատոնի շրջանակներում բացառիկ հնարավորություն կունենան ունկնդրելու աշխարհի տարբեր ծայրերից Երեւան ժամանող մեր օրերի լեգենդար կոմպոզիտորներին՝ Ցիգան Չենին, Քշիշտոֆ Պենդերեցկուն, Ալեքսեյ Շորին, Գեորգս Պելեցիսին, Ալեքսանդր Չայկովսկուն եւ Կառլ Ջենկինսին: Անվանի երաժիշտներին կմիանա նաեւ մաեստրո Տիգրան Մանսուրյանը։

Այս մեծամասշտաբ եւ իր բնույթով յուրօրինակ ծրագրի նպատակն է հանդիսատեսին հնարավորություն տալ հանդիպելու մեր ժամանակի լեգենդներին եւ կենդանի կատարմամբ վայելելու նրանց երաժշտությունը: Սա աշխարհում առաջին փառատոնն է, որը բացառիկ հնարավորություն է ընձեռում մեկ տեղում տեսնելու բազմաթիվ աշխարհահռչակ կոմպոզիտորների մի ամբողջ աստղաբույլ:

«Սա նմանը չունեցող իրադարձություն է հայ երաժշտության բնագավառում»,-շեշտեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Մաեստրոն կարեւորեց այն հանգամանքը, որ փառատոնին հնչելու է նաեւ իր լավ բարեկամի` Գիա Կանչելիի երաժշտությունը: Մանսուրյանն ափսոսանք հայտնեց, որ Կանչելին ներկա չի լինելու: «Հետաքրքիր տասնօրյա փառատոն է սպասվում բոլորիս: Նոյեմբերի 1-ին հնչելու են մի քանի ուշագրավ գործեր: Ուրախ եմ, որ իմ վաղեմի բարեկամի`  Ալեքսան Սիրանոսյանի դուստրը` Շուշան Սիրանոսյանն այստեղ է ու մասնակցելու է փառատոնին: Նա ջութակի հասուն վարպետ է: Ես հիացած եմ Մարիո Բրոնելոյի կատարումնրով: Արդեն մի քանի տարի սպասում է, որ գա Հայաստան, եւ այստեղ կլսենք նրա ելույթը: Վերջապես գալու է»,-ուրախությամբ նշեց մասետրոն` ընդգծելով նրա մեծագույն թավջութակահար լինելու հանգամանքը: «Երկուսն էլ առաջին անգամ են նվագելու իմ երաժշտությունը: Այն կոմպոզիտորները, որ պետք է ժամանեն Հայաստան, իրապես այսօրվա դասականներն են»,-ասաց Տիգրան Մանսուրյանը»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am