Սահմանադրական դատարանի բյուջեն կնվազի 4 մլն դրամով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանի բյուջեն 2020թ. կնվազի 4 մլն դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«ՍԴ աշխատակազմի համար նախատեսված 721 մլն դրամը գրեթե նույն մակարդակի վրա է պահպանված, ինչ 2019թ., այն նվազել է շուրջ 4 մլն դրամով»,- ասաց Ջանջուղազյանը:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը նշեց, որ հատկացված գումարի մեծ մասն ուղղվելու է ՍԴ դատավորների ու աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերի տրամադրմանը:
«Նախատեսված գումարի 89.2%-ը ՍԴ դատավորների ու աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերի, հավելավճարների, պարգևատրումների համար նախատեսված միջոցներն են»,- ասաց Ղազարյանը: