Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայկազյան համալսարանի սփյուռքի կենտրոնի նոր հրատարակությունը՝ «Հորդանանի հայեր» վերտառությամբ

Հայկազյան համալսարանի սփյուռքի կենտրոնի նոր հրատարակությունը՝ «Հորդանանի 
հայեր» վերտառությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնը հրատարակեց «Հորդանանի հայերը» վերտառությամբ հերթական հատորը (519 էջ), որտեղ ամփոփված են նույն խորագրով 2016 թ․ մայիսի 22-24-ը Բեյրութում անցկացված գիտաժողովի նյութերը։ Նշենք, որ Հայկազյան համալսարանն արդեն մի քանի տարի է, ինչ նախաձեռնել է Սփյուռքի հայ համայնքներին վերաբերող և շարունակական բնույթ կրող գիտաժողովների շարք, որոնց նյութերը հետագայում հրատարակվում են։  

Ներկա հատորի մեջ տեղ են գտել պրոֆ․ Հինդ Աբու Շաարի («Հորդանանի պատմությունը օսմանյան և անկախության շրջանում 1850-1946»), պրոֆ․ Կլոդ Մութաֆյանի («Հայկական ավատները Հորդանանում 12-14-րդ դդ.»), դր․ Հիլմար Կայսերի («Հայ տեղահանվածները Հաուրանում և Քարաքում Հայոց Ցեղասպանության շրջանում»), դր․ Ջոն Արմաջանիի («Հորդանանի սահմանադրությունը և փոքրամասնությունների իրավունքները»), դր. Անդրանիկ Դաքեսյանի («Փոքրապատում ՀԲԸՄ (1929-1955), Ռուսեյֆայի (1939-61), Զարքայի (1941-59) և Քարաքի (1941-46) մասնաճյուղերի», նաև՝ «Ժողովրդագրական քաղվածքներ Ամմանի ս․ Թադևոս եկեղեցու պսակի, մկրտության և մահվան տոմարներից 1922-2013»), դր․ Աննա Օհաննեսյան-Շարփինի («Հայ կանանց ժառանգները Հարավային Հորդանանում»), Ալին Բենեյանի («Հայերը Հորդանանի հյուսիսում և հարավում»),  Սիլվա Պաղսարյան-Մենեքեշյանի («ՀՄԸՄ Ամման․ մեկուսի մասնաճյուղ»), Հակոբ Սերփեկյանի («Ռուսեյֆայի հայերը»), Գևորգ Մսրլյանի («Հայերի ներգաղթը Հորդանանում և քաղաքացիության ձեռք բերումը 1928-1954»), նաև՝ «Իրբիդի և Հյուսիսային Հորդանանի հայերը»), դր․ Եղիա Թաշճյանի («Թագավորների լուսանկարիչը․ Հակոբ Բերբերյանի կենսագրությունը»), Սիլվա Սարգսյան-Հայրապետյանի («Հայ համայնքի ձևավորումը Ամմանում»), Ռոզեթ Ալեմյան-Մահսերեճյանի («Հորդանանի ազգային մարզական միությունը»), Արսինե Ջամբազյանի («Հորդանանի Հայ օգնության միության «Արազ» մասնաճյուղ»), Ներսես Ներսեսյանի («Հորդանանի հայ գաղութի դեմքեր և Հորդանանի հայկական եկեղեցիները»), Հրածին Վարդանյանի («Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն և հորդանանահայությունը 1964-1990»), Մադլեն Մեծակոբյանի («Հորդանանի հայերը ինտեգրման և մայր հայրենիքի հետ կապի միջև»), Վիգեն Ասլանյանի («Հորդանանի հայերի մասնակցությունը հասարակական կյանքում»), դր․ Լուսին Թամինյանի («Սփյուռքահայ կնոջ ինքնության ձևավորումը»), դր․ Արաքս Փաշայանի («Հորդանանի հայ համայնքը․ արդի հիմնախնդիրներ), դր․ Վահրամ Շեմասյանի («Հայոց Ցեղասպանության վերապրողները Պաղեստինում և Անդրհորդանանում առաջին աշխարհամարտի վերջին»), Մարալ Ներսիսյանի («Հորդանանի հայ կրթօջախները»), Պերճ Ջամբազյանի («Հիշողություններ Հորդանանի հայ ավետարանական համայնքի մասին), Հարութ Չեքիճյանի («Հորդանանի հայերը․ հուշեր, դրվագներ 1967-1978»), Հարրի Հակոբյանի («Հայ ընտանիք․ հավերժական ճամփորդություն») հոդվածները։ Հատորի վերջում «Հավելված» բաժինն է, որտեղ կան արժեքավոր փաստեր համայնքի ազգային, կրթական, ժողովրդագրական, մարզական և այլ ոլորտների մասին։ Այստեղ տեղ է գտել Թադևոս Եսայանի «Կյանքս ինչպես որ էր» նոթագրությունը։ Նշված բաժնում կան տեղեկություններ նաև հեղինակների մասին։ Կա կարճ տեղեկատվություն այն մասին, որ Հորդանանի հայ համայնքին նվիրված գիտաժողովը բացվել է Հայկազյան համալսարանի Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն դր․ Անդրանիկ Դաքեսյանի բացման խոսքով և ավարտվել Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանի փակման խոսքով (երկուսն էլ զետեղված են հատորի սկզբում)։ Ընթերցվել է նաև Գալուստ Գյուլպենկյան հիմնադրամի հայկական համայնքների բաժնի տնօրեն դր․ Ռազմիկ Փանոսյանի ողջույնի խոսքը։ Գիտաժողովի կազմակերպիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել պրն․ Երջո Սամուելյանին, ինչպես նաև Գալուստ Գյուլպենկյան հիմնադրամին՝ աջակցության համար։ Նշենք, որ հանդիսությանը հաջորդել է հորդանանահայ լուսանկարիչ Միրո Գիզիրյանի լուսանկարչական ցուցահանդեսը։ Հայկազյան համալսարանի ռեկտորը նշել է, որ չնայած հայապահպանության և այլ ոլորտներում նկատվող որոշակի բացասական միտումներին, պետք է փորձել հասկանալ, թե ստեղծված իրավիճակում, ի սպաս հայ համայնքների, ինչ շահեկան լուծումներ կարելի է գտնել: Իր հերթին դր․ Անդրանիկ Դաքեսյանը նկատում է, որ Միջին Արևելքում հայապահպանության համար ներկայումս բավական լուրջ մարտահրավերներ են ձևավորվել, սակայն մինչ օրս Հայաստանը հստակ քաղաքականություն, առավել ևս ռազմավարություն նմանօրինակ խնդիրների հետ կապված, չունի։ Ըստ այդմ՝ հաշվի առնելով տարածաշրջանում հայ համայնքների մշուշոտ հեռանկարը, ճիշտ կլիներ, եթե Հայաստանը գործնական քայեր ձեռնարկեր այդ ուղղությամբ։

 

Հատորի մեջ զետեղված են Հորդանանի հայ համայնքի տարբեր փուլերին ու համայնքային կյանքին վերաբերող տասնյակ լուսանկարներ, որոնք ունեն բացառիկ վավերագրական նշանակություն։ Նշենք, որ հատորում տեղ գտած բոլոր հոդվածներն արժեքավոր են և աչքի են ընկնում գիտական կարևորությամբ՝ ընդգրկելով համայնքի պատմության տարբեր ժամանակահատվածներ ու իրար չկրկնող, տարաբնույթ խնդիրներ: Դրանցից շատերը հիմնված են արխիվային նյութերի, դաշտային հետազոտությունների, սեփական ընտանիքների ու անձնական պատմությունների հիման վրա: Հատորում զետեղված նյութերն ու հոդվածները խիստ կարևոր նշանակություն ունեն Հայոց Ցեղասպանությունից և Կիլիկիայի հայաթափումից հետո ձևավորված Հորդանանի հայ համայնքի ստեղծած նյութական, հոգևոր և ազգային մշակույթի ուսումնասիրության ոլորտում։ Հատորում ներկայացված են դեպի Հորդանան հայերի գաղթի ուղիները, առաջին գաղթակայանները, հայ աղջիկների՝ բեդվինների հետ ամուսնանալու պատմությունները, Հորդանանում հայ համայնքի կայացման ամբողջ պատմությունը, հայաշատ քաղաքները, որոնք հետագայում կորցրեցին իրենց նշանակությունը, մի խոսքով՝ հայ համայնքի ինստիտուցիոնալացման գործընթացը։ Ներկայացված են նաև Հորդանանում երևելի հայերի գործունեությունը, հայերի ներդրումը Հորդանանի հասարակական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքում և այլևայլ ոլորտներում։ Քննարկման առարկա են դարձել նաև հայ համայնք-պետություն հարաբերությունները, Հորդանանում փոքրամասնությունների կարգավիճակը։ Առանձին հոդվածներում լուսաբանվում են Հորդանանում հայկական ինքնության խնդիրները, Հորդանանի հայ համայնքի անցյալի և ներկայի մարտահրավերները, Հայաստանի դերը հորդանանահայ համայնքին հայապահպանության խնդիրներում օգնելու հարցում։

Հարկ է նկատի ունենալ, որ հատորն ունի բացառիկ կարևոր աղբյուրագիտական նշանակություն, նույնիսկ՝ հանրագիտարանային արժեք, քանի որ մինչ օրս Հորդանանի հայ համայնքի վերաբերյալ խորքային ուսումնասիրություններ չկային։ Համայնքի ամբողջական և բազմակողմ պատմությունը, կարելի է ասել, կարոտ էր հետազոտության։ Հատորը նոր լույս է սփռում հորդանանահայերի նոր, նորագույն և շրջանի խնդիրներին՝ առանձնացնելով այն մարտահրավերները, որոնց ներկայումս բախվում է համայնքը։

Նշենք, որ  Հորդանանում այժմ ապրում են մոտ 3 հազար հայեր:  Հորդանանի հայ համայնքը Սփյուռքի ավանդական համայնքներից է, ունի իր ներքին ենթակառուցվածքները: Համայնքը կազմված է սոցիալական և դավանական տարբեր շերտերից: Ծանրակշիռ հատվածը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներն են, ավելի փոքր մաս են կազմում հայ կաթոլիկները: Կա երեք եկեղեցի՝ առաքելական ուղղվածությամբ երկու` Ս. Թադեւոս, Ս. Կարապետ և մեկ կաթողիկե: Ս. Թադեւոս եկեղեցու շրջանակներում գործում է վեցամյա Յուզբաշյան-Գյուլբենկյան վարժարանը: Հորդանանի հայերն այդ երկրի լիիրավ քաղաքացիներ են, ազատորեն դավանում են սեփական կրոնը՝ վայելելով թե՛ Հաշիմյան իշխող թագավորական ընտանիքի և թե՛ հասարակության համակրանքն ու աջակցությունը: Հայերը լավ համարում ունեն՝ որպես երկրի նվիրյալ քաղաքացիներ: Նրանք ակտիվորեն ներգրավված են երկրի տնտեսական և հասարակական կյանքում՝ մեծ փորձառություն ունենալով մի շարք արհեստների ու արվեստների ոլորտներում: Պետության կողմից ճանաչված են որպես կրոնական փոքրամասնություն: Պետության մոտ համայնքը, իսկ համայնքի առաջ պետությանը ներկայացնում է Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող Հայ Առաքելական Եկեղեցու Ամմանի հայոց և շրջակայից  թեմը՝ ի դեմս պատրիարքական փոխանորդ, առաջնորդ Տ. Վահան արքեպիսկոպոս Թոփալյանի: Ներկայումս հայերի ճնշող մեծամասնությունն ապրում է Ամմանում: Հայկական կառույցները գտնվում են Ամմանի Ջաբալ Աշրաֆիյե թաղամասում: Հայ համայնքը որոշակի գործոն է նաև Հորդանան-Հայաստան երկկողմ հարաբերությունների և համագործակցության հարցում:

Հարկ է նկատի ունենալ, որ Հորդանանի հայ համայնքի առաջ ներկայումս ծառացած են հայապահպանությանն առնչվող բազմաթիվ հրատապ խնդիրներ, որոնց չկարգավորման դեպքում որոշ ժամանակ անց համայնքը կարող է որոշակիորեն ուծացվել։ Համայնքը Հայաստանի աջակցության կարիքն ունի։ 

Արաքս Փաշայան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am