Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարտունի գյուղի խնձորի ինտենսիվ այգին տվել է իր առաջին բերքը

Մարտունի գյուղի խնձորի ինտենսիվ այգին տվել է իր առաջին բերքը

ԳԱՎԱՌ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղում  մեկ տարի առաջ  հիմնված 2 հեկտար  ինտենսիվ այգում այժմ ընթանում է առաջին բերքահավաքը: Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղի բնակիչ, ինտենսիվ այգու նախաձեռնող ու հիմնադիր, «Ատֆրուիդ» ՍՊԸ տնօրեն Թաթուլ Դումանյանը, այգին արդեն ապահովված է հակակարկտային ցանցերով ու կաթիլային ոռոգման համակարգով: Այգում աճեցվել է տոպազ, ֆլորինա, յոնապրինց, թեզեր, ռեանդա տեսակների 2500 խնձորենի, որոնք հիմնականում տվել են իրենց առաջին բերքը: Այգու ստեղծման համար Դումանյան ընտանիքը ներդրել է մոտ  45 միլիոն դրամ: Այգու ստեղծմամբ բացվել է 5 մշտական եւ 15 սեզոնային աշխատատեղ: Կազմակերպությունը միաժամանակ ստեղծել է տնկարանային տնտեսություն՝ ստացված նոր ու բարձրորակ տնկիների տեսակները այգեգործական կամ անհատական տնտեսություններին տրամադրելու նպատակով:  «Բոլոր տնկանյութերը բերվել են Ավստրիայից ու Գերմանիայից, իսկ պատվաստումը կատարվել է տեղում՝ կլիմայավարժեցում ապահովելու նպատակով: Պահպանել ենք ծառերի ցածրաճ վիճակը՝ որակյալ ու ապրանքային բերք ապահովելու համար: Մեկ ծառից ակնկալում ենք մինչեւ 50 կիլոգրամ բերք: Այժմ հավաքում ենք առաջին բերքը՝ մեկ ծառից ստանալով  մինչեւ 5-10 կիլոգրամ:Այգեգործությամբ զբաղվելու իմ հիմնական նպատակն է՝ դրսից ներմուծված խնձորի ու տանձի ծառատեսակների կողքին պահպանել ու զարգացնել մեր տեղական սորտերը, որոնք հրաշալի համ ու պահանջարկ ունեն: Մեր տնկարանում մենք դրսից բերված տնկանյութի վրա կատարել ենք տանձի, խնձորի, կեռասի, ծիրանի, սալորի եւ դեղձի պատվաստ՝ ստանալով որակյալ տնկիներ, որոնք հանել ենք վաճառքի: Մտադիր ենք ընդարձակել տնկարանի տարածքը եւ փորձնական քայլեր կատարել  խաղողագործության ուղղությամբ:Ինտենսիվ այգու մշակության համար ձեռք ենք բերել տեխնիկաներ, մտադիր ենք ստեղծել խնձորի օղու եւ գինու թորման արտադրություններ: Եթե մեր սպասելիքներն արդարանան, ապա կմտածենք այգու տարածքն ընդարձակելու, արտադրության ծավալներն ավելացնելու  մասին» -ներկայացրեց Թաթուլ Դումանյանը:Ինտենսիվ այգու տարածքում այս տարի  մշակվել է բանջարաբոստանային մշակաբույսեր՝ լոլիկ, վարունգ, պղպեղ, կաղամբի մի քանի տեսակներ, լոբի, բազուկ, որոնց սածիլներն  աճեցվել են Դումանյան ընտանիքի կողմից: «Սա նաեւ ընտանեկան բիզնեսի հաջողված օրինակ է: Ինձ նեցուկ են կանգնում ընտանիքիս անդամները՝ կինս, նրա հայրն ու մայրը: Մենք մեր ամենօրյա աշխատանքով ուզում ենք բարիք քամել մեր հողից՝ օգտագործելով բնությունից մեզ պարգեւ տրված բոլոր հնարավորությունները: Մեր հաջող փորձից հետո Մարտունի գյուղում եւս երկու ընտանիք ինտենսիվ այգի ստեղծելու քայլեր են ձեռնարկում այժմ:Արդեն տեղաշարժ է նկատվում մեր գյուղում հողի մշակությունն աշխուժացնելու, գյուղատնտեսությունը զարգացնելու առումով: Մեր ձեռք բերած տեխնիկայով ֆրեզել ենք նախկինում չմշակված վարելահողերը, որոնց վրա արդեն տնտեսությունները 30 հեկտար աշնանացան են կատարել: Հետխորհրդային տարիներին մեր գյուղի պատմության մեջ նման բան չէր եղել: Ուզում եմ կոտրել այն կարծրատիպերը, որ իբր մեր տարածքը, մեր  կլիման թույլ չեն տալիս՝ բազմաթիվ այլ մշակաբույսեր ստանալու: Այդ պատճառով մեր այգում պտուղներից բացի աճեցնելու եմ նաեւ խաղող, բանջարեղենների բոլոր տեսակները, որպեսզի մարդիկ համոզվեն, որ կարելի է այս հողի վրա ստեղծել բարեկեցիկ կյանք ջանադիր աշխատանքով:» , -եզրափակեց  Թաթուլ Դումանյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am