Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

WCIT 2019-ին մասնակցած մի քանի բանախոսներ Հայաստանում ներդրում կատարելու ցանկություն են հայտնել

 WCIT 2019-ին մասնակցած մի քանի բանախոսներ Հայաստանում ներդրում կատարելու 
ցանկություն են հայտնել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում WCIT 2019՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցած մի քանի բանախոսներ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (ԱՏՁՄ) հաղորդագրություն են ուղարկել՝ նշելով, որ ցանկանում են երկրում ներդրում կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«Համաժողովն անցել է սպասումներին համապատասխան, դեռ մի բան էլ ավելի: Բոլոր բանախոսների հետ կապի մեջ ենք, առանձին-առանձին զրուցում ենք ցանկացածի հետաքրքրությունների մասով: Որոշներն արդեն նամակներ են ուղարկել, որ ուզում են ներդրումներ կատարել Հայաստանում՝ թե ընկերությունների, թե վենչուրային ֆոնդերի համար»,-ասաց Եսայանը:

Ներդրումներ կատարելու ցանկություն հայտնածների անունները Եսայանը դեռ չհնչեցրեց, սակայն նշեց, որ դիմողների քանակը 4-ից ավելի է:

Համաժողովի շրջանակում հայաստանյան տարբեր ընկերություններ հանդիպումներ են ունեցել արտերկրից ժամանած անձանց, ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ համագործակցության նպատակով: Եսայանը հայկական ընկերություններին հորդորեց բարձրաձայնել համաժողովի շրջանակում ձեռք բերված համագործակցությունների մասին, թեև նշեց, որ որոշների մասին իրենց տեղեկացրել են հաղորդագրություններով: 

Եսայանը նաև շատ արձագանքներ է ստացել Հայաստանում գրասենյակներ ունեցող արտասահմանյան ընկերություններից: Նրանցից որոշները Հայաստանում գործունեությունն ավելի մեծացնելու որոշում են ընդունել: Իսկ Սան Խոսեի պետական համալսարանում մտածում են հայաստանյան բուհերի հետ համագործակցության մասին: SkyDeck աքսելերատորն արդեն հայկական ստարտափերի հետ աշխատում էր, և համաժողովից հետո դրական լիցքերով շարունակում են քննարկումները:

Եսայանը շեշտեց՝ Հայաստանն այդ 3 օրերին դարձավ կենտրոն: Նրա խոսքով՝ հետազոտություն են անում, սակայն արդեն ունեն նախնական տվյալներ, որ Google-ում Հայաստան բառով որոնումներն այդ օրերին մի քանի անգամ գերազանցել են նախկինում նույն ժամանակահատվածում երբևէ արված ամենաշատ որոնումների քանակը։

Հայաստանում WCIT 2019-ի անցկացման համար ծախսվել է ավելի քան 5 մլն դոլար,  պետությունն աջակցել է համերգի կազմակերպման համար՝ բյուջեից հատկացնելով 450 մլն դրամ: Եսայանը նշեց, որ մեծ գումար է ներգրավվել ԱՏՁՄ-ի և հովանավորների միջոցով:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ