Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Նոյեմբեր

Երևանյան WCIT-2019-ն աննախադեպ էր այդ համաժողովների ողջ պատմության ընթացքում

Երևանյան WCIT-2019-ն աննախադեպ էր այդ համաժողովների ողջ պատմության 
ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանը հոկտեմբերի 6-9-ը համաշխարհային տեղեկատվական հանրության ուշադրության կենտրոնում էր։ Այստեղ անցկացվում էր Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովը՝ WCIT-2019-ը։ Այն ոչ միայն Հայաստանում ՏՏ ոլորտում անցկացված ամենամեծ համաժողովն էր, այլև ռեկորդային էր իր մասնակիցների թվով WCIT-ի ողջ պատմության ընթացքում։ Ըստ համաժողովի կազմակերպիչների՝ եթե նախատեսվում էր 2000-2500 մասնակից աշխարհի 70 երկրներից, ապա արդյունքում համաժողովի աշխատանքներին մասնակցել է 6200 մարդ՝ ավելի երիտասարդ մասնագետներ, քան նախկինում։ Բավական մեծ է եղել նաև ներքին մասնակցությունը. հայաստանյան գրեթե բոլոր ՏՏ ընկերությունները հնարավորություն են ունեցել ներկա գտնվել տարածաշրջանի համար բացառիկ այս միջոցառմանը։

Հատկանշական է, որ համաժողովը նախկինում անցկացվել է նորարարական տեխնոլոգիաների ոլորտի հսկաներ համարվող երկրներում։ Վերջին տարիներին, մասնավորապես, այն անցկացվել է Հնդկաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բրազիլիայում, Մեքսիկայում և այլն։ Այս առումով 2019թ. միջոցառման անցկացումը Հայաստանում համահունչ էր համաժողովի խորագրին՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Ապակենտրոնացման գաղափարը գալիս էր ընդգծելու, որ անգամ փոքր պետությունները մարդկային ռեսուրսի, տաղանդի և նորարարական գաղափարների շնորհիվ ՏՏ ոլորտում կարող են լինել կարևոր կենտրոններ։ Ուստի, պատահական չէ նաև, որ այսօր շատերը Հայաստանը համարում են տարածաշրջանի «սիլիկոնային հովիտ»։

Ոլորտի զարգացման համար Հայաստանում ստեղծվել են համապատասխան պայմաններ, մասնավորապես՝ տեխնոլոգիական ընկերություններն այստեղ օգտվում են ընդարձակ հարկային արտոնություններից. մինչև 2023թ. նրանք ազատված են շահութահարկից, իսկ եկամտահարկը կազմում է 10%, այստեղ բավական զարգացած է ստարտափերի մշակույթը, իսկ ոլորտով հետաքրքրվում են տարբեր տարիքի անձինք՝ սկսած դպրոցական նստարանից։ Ուստի պատահական չէ, որ ոլորտը վերջին 7 տարում աճել է շուրջ 5 անգամ, իսկ ամեն տարի կայուն 20-25% աճ է գրանցում: Աճում է նաև տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը Հայաստանից: Ինչպես WCIT-ի բացմանը հայտարարեց վարչապետ Փաշինյանը, 2019թ. առաջին յոթ ամիսներին միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը ՀՀ-ից  աճել է 40.9%-ով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 34.4%-ով:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ամբողջ աշխարհում ամենապահանջված և ամենասրընթաց զարգացում ապրող ոլորտներից է, ուստի անհրաժեշտ է, որ Հայաստանում ոլորտի զարգացումը լինի կայուն և շարունակական։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեծապես կնպաստի Հայաստանում այլ ուղղությունների զարգացմանը։

Այս համատեքստում բավական կարևոր է, որ WCIT 2019-ի անցկացումը Հայաստանում ունենա հստակ արդյունքներ։ Համաժողովի շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ են եղել ինչպես կառավարության ներկայացուցիչների և ՏՏ համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ներկայացուցիչների, այնպես էլ տարբեր ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների միջև, ինչն ուղղված էր սեփական հնարավորությունները ներկայացնելուն, նոր կապեր ձեռք բերելուն, միջազգային գործընկերների փորձը ուսումնասիրելուն, գործընթացի շարունակականությունը ապահովելուն և համատեղ ծրագրեր իրականացնելուն։ Քննարկումների արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հիմնականում չեն բարձրաձայնվում, և նշվում է, որ դրանց արդյունքները տեսանելի կլինեն տարիներ անց։ Ինչ վերաբերում է հայտարարված արդյունքներին, ապա նշվում, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բանակցություններ է սկսել Youtube-ի և այլ մեծ կազմակերպությունների հետ, որոնց համար Հայաստանում տեղայնացում չկա։

Պետք է առանձնացնել հատկապես Ալեքսիս Օհանյանի և Սերժ Թանկյանի կողմից Highconnect անունով նոր համահայկական թվային հարթակ ստեղծելու մասին հայտարարությունը, ինչի նպատակն է միավորել ողջ աշխարհի հայերին՝ համահայկական բարգավաճման և հաջողության հասնելու համար։ Այս նախաձեռնությունը կարող է լուրջ խթան լինել Հայաստանի կողմից հռչակված համահայկականության սկզբունքի գործնական կիրառման համար։ Նախաձեռնության կյանքի կոչման համար կարևոր է համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ։ Մասնավորապես, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Արշակյանն իր հերթին հայտարարել է «Հայկական վիրտուալ կամուրջ» նախագծի մասին, որը միացվելու է Highconnect հարթակին։

WCIT 2019-ի շրջանակներում կարևոր էր նաև «Կայծակնային ռաունդներ» մրցույթի անցկացումը, որի արդյունքում Հայաստանի տեխնոլոգիական համայնքի կողմից լավագույն 6 ստարտափերը պարգևատրվեցին դրմական մրցանակներով. 3 ստարտափեր ստացան 25 հազարական, 3-ը՝ 10 հազարական դոլար: Սա, անշուշտ, կարևոր էր ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը խթանելու և լավագույն ստարտափերին նոր հնարավորություններ ընձեռելու տեսանկյունից։

Նշենք նաև, որ WCIT 2019-ին անչափ կարևոր էր համաշխարհային ճանաչում ունեցող հայերի մասնակցությունը և նրանց ցուցաբերած նախաձեռնողականությունը՝ Հայաստանում գործունեություն ծավալելու և Սփյուռքի հետ կապերը ամրապնդելու տեսանկյունից։ Մասնավորապես, Ալեքսիս Օհանյանը նշեց, որ համաժողովի ընթացքում ծանոթանալու է համագործակցության հնարավորություններին, իսկ Քիմ Քարդաշյանն անգամ մանրամասնեց՝ ինչ բիզնես է պատկերացնում Հայաստանում. օծանելիքի կամ ներքնազգեստի արտադրություն։

Հայ հայտնիների ներկայությունը կարևոր էր նաև աշխարհում Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու տեսանկյունից։ Օրինակ, ինչպես Սերժ Թանկյանի դեպքում, այնպես էլ սոցցանցերում բազմամիլիոնանոց լսարան ունեցող Քիմ և Քորթնի Քարդաշյանների երեխաների մկրտությունը Էջմիածնում, այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Գառնիի հեթանոսական տաճար կմեծացնեն մարդկանց հետաքրքրությունը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, հատկապես այն դեպքում, երբ այդ այցերն արդեն լուսաբանվել են համաշխարհային այնպիսի լրատվամիջոցների կողմից, ինչպիսին են «Reuters»-ը և «Daily mail»-ը։

Ամփոփելով՝ կարևոր է նշել, որ WCIT 2019-ի անցկացումը Հայաստանում կարևոր էր մի կողմից նորարարական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժը և ընձեռած հնարավորություններն այլ երկրների գործընկերներին ցույց տալու և Հայաստանի ճանաչելիությունն ու հետաքրքրությունը բարձրացնելու, մյուս կողմից ոլորտի այլ առաջատար ընկերությունների հետ հստակ պայմանավորվածություններ և համաձայնություններ ձեռք բերելու տեսանկյունից։ Անհրաժեշտ է, որ Հայաստանը կարողանա կապիտալացնել համաժողովի արդյունքները և դրանք ծառայեցնի ոլորտի և տնտեսության այն ճյուղերի զարգացմանը։

 

Վարդուհի Հարությունյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ