Ճանապարհաշինության ակտիվացում 2020 թվականին. բյուջետային հատկացումները կրկնապատկվելու են
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ճանապարհների կառուցման, բարեկարգման համար 2020թ-ի բյուջեով նախատեսվում է հատկացնել 124,4 մլրդ ՀՀ դրամ՝ երկու անգամ ավել գումար, քան 2019թ. է հատկացվել (58 մլրդ դրամ): 2020թ. այս ուղղությամբ հատկացվելիք միջոցների ծավալը հավասար է 2015, 2016 և 2017 թվականներին պետական բյուջեով ճանապարհաշինության ուղղությամբ հատկացված բոլոր միջոցների գումարին կամ՝ 2018-19թթ-ին հատկացված միջոցների գումարին:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ կառավարության կողմից սեպտեմբերի 30-ի նիստում հավանության արժանացած 2020 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով էականորեն ավելանալու են «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցմանը հատկացվելիք միջոցները: Այս ուղղությամբ հատկացվելու է 52.4 մլրդ դրամ, այնքան, որքան 2016-19թթ հատկացված միջոցները միասին վերցված:
Բացի այդ իրականացվելու է նաև Գյումրու քաղաքային ճանապարհների վերականգնման ծավալուն ծրագիր, որի համար հատկացվելու է 9.2 մլրդ դրամ՝ 3 անգամ ավել, քան 2019թ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստերի համաձայն՝ ճանապարհների նորոգման ծրագրով ավարտված է 62.7 կիլոմետր ճանապարհի շինարարությունը, 307 կիլոմետրի շինարարությունը ընթացքի մեջ է, և տարվա արդյունքներով կգերակատարվի 330 կիլոմետր ճանապարհ նորոգելու խոստումը: 2020թ-ի համար նախատեսվում է վերանորոգել 500 կմ ճանապարհ: