Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

WCIT 2019. Հայաստանը պատրաստ է լինել ՏՏ համաշխարհային քարտեզի կենտրոնը

WCIT 2019. Հայաստանը պատրաստ է լինել ՏՏ համաշխարհային քարտեզի կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը երկրում իր շուրջը կհամախմբի ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավար կազմերի ներկայացուցիչների, հաջողությունների հասած հայտնի հայերի և օտարերկրացիների: Ակնկալվում է, որ համաժողովի անցկացումը կնպաստի միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանմանը, հայկական ՏՏ ոլորտի կարողությունների ներկայացմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: «Արմենպրես»-ը համաժողովի նախապատրասական աշխատանքների, բանախոսների ու սպասվող հետաքրքիր նորությունների շուրջ խոսել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ,«WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանի հետ:

-Պարոն Եսայան, հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվելու է ՏՏ համաշխարհային համաժողովը, ովքե՞ր են լինելու բանախոսները, ի՞նչ է մեզ սպասվում:

- Նախ նշեմ, որ WCIT-ին են միանալու նաև արտերկրում մեծ հաջողությունների հասած մեր հայրենակիցները` պատմելու  իրենց ընկերությունների և իրենց անձնական հաջողությունների մասին, խոսելու քննարկվող թեմաների շուրջ: Այդ անձանցից են «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, միլիոնավոր հետևորդներ ունեցող, աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյան-Վեսթը, ով կխոսի սոցիալական ցանցերի ընդհանուր ազդեցության և հարթակների օգտագործման արդյունավետության և դրանց խնդիրների մասին, «PicsArt» ընկերության համահիմնադիր Հովհաննես Ավոյանը, «Pixar» անիմացիոն ստուդիայի ավագ փոխնախագահ Քեթրին Սարաֆյանը, «Agenus» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Գարո Արմենը: Հայաստանում անցկացվող համաժողովին մեծ մասնակցություն են ունենալու նաև «Yandex» ընկերությունից, մասնակցելու է ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Խուդավերդյանը, ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արկադի Վոլոժը, մեր ռեգիոնալ ընկերության տնօրեն Արամ Սարգսյանը: Զեկույցներով հանդես են գալու նաև «Synopsys» ընկերության հայկական մասնաճյուղի նախագահ Երվանտ Զորյանը, հայտնի գիտնական, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը և մեծ հաջողությունների հասած շատ այլ հայեր: Զեկուցողների թվում են նաև արտերկրից CNN-ի բիզնես թղթակից Ռիչարդ Քուեսթը, «VMware»-ի գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամին, «VaynerX»-ի նախագահ Գերի Վայներչուկը , «Giphy» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, Ռուսաստանի հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը: WCIT  2019-ին մասնակցելու են գրեթե բոլոր խոշորագույն  ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ`  փոխտնօրենների կամ ռեգիոնալ տնօրենների մակարդակով: Ընդհանուր բանախոսների թիվը գերազանցում է 100-ը:

-Ւնչպե՞ս և ինչո՞վ է տրվելու համաժողովի մեկնարկը:

- Բացումը սկսում ենք հոկտեմբերի 6-ի ժամը 20։00-ին Հանրապետության հրապարակում համերգով: Աշխարհի 15 երկրներից ավելի քան 70 և հայաստանցի 30 երաժիշտներ կազմելու են WCIT  նվագախումբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Սպասվում է հետաքրքիր անակնկալ, նվագախումբը հանդես կգա աննախադեպ համերգով՝ կատարելով արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Կարծում ենք, որ դա լինելու է մեծ նորություն, աշխարհում առաջին անգամ նվագախումբը, առանց նախապես ծանոթ լինելու ստեղծագործությանը, համերգին իրական ժամանակում կատարելու է արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Ելույթ է ունենալու նաև միջազգային ճանաչում վայելող դիջեյ Արմին վան Բյուրենը: Հոկտեմբերի 7-ին արդեն  Կարեն Դեմիրճյանի անվան  մարզահամերգային համալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա համաժողովի պաշտոնական բացումը:

-Համաժողովի շրջանակում քննարկվելիք ի՞նչ հետաքրքիր թեմաներ կառանձնացնեք:

-Սպասվում են բավականին հետաքրքիր քննարկումներ: Օրինակ «Արվեստի ապագան» խորագրով քննարկմանը մեզ են միանալու մարդիկ, ովքեր գործունեություն են ծավալում արվեստի բնագավառում՝ այն միևնույն ժամանակ կապելով տեխնոլոգիաների հետ: Քննարկմանը կմասնակցի նաև Սերգեյ Սմբատյանը, նաև արտիստ Ահմեդ Էլ Գամալը, որն աշխարհում հայտնի է արհեստական բանականության կիրառմամբ նկարներ ստեղծելով: «Կայծակնային ռաունդներ»-ը ստարտափերներին ու նորարարներին հնարավորություն կտա մեծ լսարանի առաջ ներկայացնել իրենց գաղափարներն ու ներդրումներ շահել։ Մասնակցելու են մոտ 100 ընկերություններ, որոնցից 60-ը հայկական են, մնացածը՝ արտերկրից, այդ թվում Կանադայից, Ռուսաստանից, Իսրայելից, Սլովակիայից, Անգլիայից, Վրաստանից, Չինաստանից, Ավստրալիայից և այլ երկրներից: Մասնակից ստարտափներից լավագույն երեքի համար Հայաստանի տեխնոլոգիական համայնքի կողմից սահմանվել է "Armenian Technology Communities A-Prize" մրցանակը և 100 000 դոլարի ֆոնդ։  Ներկայում գրեթե չկա ոլորտ, որում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառություն չլինի: «Բիզնեսի փոխակերպում» խորագրով քննարկմանը բիզնեսի տարբեր ճյուղերի ներկայացուցիչները հետաքրքիր քննարկում են անցկացնելու այդ փոխակերպումների վերաբերյալ: «Խելացի քաղաքներ. ուտոպիա, թե հակաուտոպիա» խորագրով քննարկմանը մասնակիցները կխոսեն նորագույն տեխնոլոգիաների դերի մասին, մասնավորապես թե քաղաքներում դրանց կիրառությունն ինչ օգուտ է բերում և ինչ խնդիրներ առաջացնում:  Քննարկմանը մասնակցելու են խելացի քաղաքներ կառուցելու համար տեխնոլոգիաներ ստեղծող ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում «Սիմենս»-ի կայուն զարգացման փոխնախագահը: «Գաղափարների շուկա» քննարկմանը կմասնակցի Քիմ Քարդաշյանը և բավականին հետաքրքիր այլ բանախոսներ: Սոցիալական ցանցերը սկսել են զբաղեցնել մեր օրվա մեծ մասը: Եվ Քարդաշյանը, որպես ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար: Նույն քննարկմանը «ՊիկսԱրտ»-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը կկիսվի իրենց փորձով, կներկայացնի, թե ինչպես են ստեղծել ընկերությունն ու գրավել մեծ թվով օգտատերերի: «Սև Կարապ» քննարկմանը քննարկում կլինի այն ռիսկերի շուրջ, թե ինչ կլինի, եթե հանկարծ մի օր խափանումներ լինեն ու ավտոմատացված նոր տեխնոլոգիաները չաշխատեն:

-Պարոն Եսայան, որքա՞ն մասնակիցների ենք սպասում WCIT 2019-ին Հայաստանում:

-Սպասում ենք 2500-ից ավելի մասնակիցների ՝ ավելի քան 70 երկրից:

- WCIT 2019-ը Հայաստանում շատ քննարկվեց նաև այն տեղեկության համար, որ հյուրընկալելու ենք հեղինակավոր ընկերությունների, օրինակ «Գուգլ»-ի, «Ֆեյսբուք»-ի առաջին դեմքերին: Ո՞ւմ ենք սպասում իրականում:

-Նորությունը տարածվել է այն ժամանակ, երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ռուսաստանում հայտարարեց, որ ներկա է լինելու այդ ընկերությունների ղեկավար կազմը: Մենք վերահաստատում ենք նրա այդ միտքը, համաժողովին մասնակցելու են հեղինակավոր շատ կազմակերպությունների ղեկավար կազմեր, սակայն ոչ դրանց առաջին դեմքերը: Մեդիան աղավաղել է ինֆորմացիան։ WCIT 2019-ին մասնակցելու են գրեթե բոլոր հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ, օրինակ «Google»-ի փոխնախագահը, «Infosis»-ի հիմնադիրը, «Siemens», «Ericson» ընկերությունների փոխնախագահները և այլք:

-Համաժողովին սպասվո՞ւմ են արդյոք նորություններ, որոնք առաջին անգամ լինելու են Հայաստանում:

-Առաջին նորությունը ստարտափների մրցույթն է, նախկինում համաժողովի շրջանակում ընկերությունները նման մրցանակ չեն ստացել: Հնարավոր է, որ հաջորդ երկիրը, որտեղ կանցկացվի համաժողովը, շարունակի այդ ավանդույթը: Արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը ևս նորություն է WCIT-ի շրջանակում: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի հիմնն առաջին անգամ կստեղծի արհեստական բանականությունը՝ միախառնելով տարբեր տարիների հիմները: Այն կհնչի Հանրապետության հրապարակում կայանալիք համերգին:

-Վերջում համաժողովի արդյունքներով թե պետությունը, թե IT ընկերություններն ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ, կա՞ն արդյոք համագործակցության հեռանկարներ:

-Մեծ ակնկալիքներ կան: Նախ Հայաստանը կհայտնվի միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում: 30-ից ավելի արտասահմանյան լրատվամիջոցներ հետաքրքրված են ու կլուսաբանեն WCIT-ն: Բացի այդ գրեթե բոլոր մասնակիցները ղեկավարում կամ գոնե ներկայացնում են առաջատար, բավականին մեծ շրջանառություն ունեցող ընկերություններ: Եվ այդ անձինք հայկական ընկերությունների հետ համագործակցության կամ Հայաստանում որևէ կենտրոն ստեղծելու որոշման մեջ կարող են մեծ դեր ունենալ: Նաև ունենք կազմած առանձին ցանկ, թե արտասահմանյան այդ ընկերություններն ինչով են հետաքրքրված և հայկական ինչ ընկերություններ ունենք, որ կարող են նրանց հետաքրքրել:

-Պարոն Եսայան, նախապատրաստական աշխատանքներն ի՞նչ փուլում են:

-Բավականին ծավալուն աշխատանք ենք իրականացնում: Աշխատանքներին ներգրավված են նաև 250-ից ավելի կամավորներ՝ ընդ որում նաև արտերկրից: Գրասենյակում ավելի քան 40 աշխատողների թվում ևս կան կամավորներ։ Կազմակերպչական առումով մեծ համախմբվածություն կա, շուկայում աշխատող IT ընկերություններից ոչ ոք ոչ չի մերժել աջակցության հարցում: Հանրապետության հրապարակում արդեն սկսել են տեղադրել բեմը: Նման մեծության, նման լուսային ու ձայնային էֆեկտներով համերգը եզակի է: Համերգի համար մեծ քանակությամբ տեխնիկական սարքավորումներ են բերվել նաև արտերկրից:

-Նման մասշտաբի համաժողով է տեղի ունենալու Հայաստանում, պետբյուջեից գումար ծախսվելո՞ւ է արդյոք:

- Միայն համերգի կազմակերպման համար դիմել ենք պետությանը` ֆինանսական աջակցության համար: Սակայն ունենք կառավարության ոչ ֆինանսական մեծ աջակցությունը` կազմակերպման ողջ գործընթացում: Ֆինանսական բոլոր ծախսերի համար աջակցում են գործընկերները:

Աննա Գրիգորյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ