Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Համերգային ծրագրով Երևանում մեկնարկեց «Կոմիտաս» միջազգային գիտաժողով- փառատոնը

Համերգային ծրագրով Երևանում մեկնարկեց «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-
փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կոմիտաս վարդապետի թողած հարուստ մշակութային ժառանգությունը հանրահռչակելու նպատակով Կոմիտասի ծննդյան օրը` սեպտեմբերի 26-ին, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`փառատոնի բացման համերգային երեկոյին  ելույթ ունեցան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, սոպրանո Կարինե Բաբաջանյանը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, տենոր Շտեֆան Ֆինկեն, Երևանի պետական կամերային երգչախումբը, բարիտոն Լուկա Բրունոն, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դաշնակահար Տակահիրո Ակիբան և Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն ասաց, որ  թանգարան-ինստիտուտը կազմավորման օրից անցկացնում է այս փառատոնը, որը տարիների ընթացքում դարձել է գիտաժողով-փառատոն: «Այն ունի իր բարեկամներ աշխարհի տարբեր երկրներում, որոնք միջոցառման շրջանակում հյուրընկալվում են մեզ: Այս տարի գիտաժողով-փառատոնն առանձնակի շեշտվածություն ունի՝ կապված վարդապետի  150-ամյա հոբելյանի հետ, որն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո: Վստահ եմ, որ բազում գեղեցիկ պահեր ենք ապրելու առաջիկա համերգների ընթացքում»,-նշեց նա:

Գիտաժողով-փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանի խոսքով՝ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է, ինչը նշանակում է, որ 19-րդ դարի կեսին սկիզբ առած կոմպոզիտորական արվեստն իր եվրոպական ավանդույթներով սկսեց ազգայնացվել և Կոմիտասի ժառանգությամբ վերածվեց ազգային մշակույթի օրգանական ճյուղի:

«Կոմիտասին հաջողվեց ստեղծել երաժշտական մտածողության մի ձև, որն անչափ տիպական էր հայ ժողովրդին, բայց այդ մտածողությամբ հայ ժողովուրդը չէր ստեղծել իր երաժշտական մշակույթը: Նա մարդ էր, որը մի ամբողջ ժողովրդի համար ստեղծել է մտածողության յուրահատուկ տեսակ»,-շեշտեց Նավոյանը:

Փառատոնի մի քանի համերգներ տեղի կունենան նաև Արցախում՝ Ստեփանակերտում, Շուշիում և Գանձասարում: Այս տարի գիտաժողով-փառատոնի շրջանակներում նախատեսվում են միջոցառումներ Գերմանիայում:

 «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի հիմնական նպատակներից մեկը Վարդապետի ժառանգության միջոցով հայ երաժշտական մշակույթի հանրահռչակումն է եվրոպական մշակութային տարածքում և XIX դարավերջի ու XX դարասկզբի եվրոպական մշակույթի տարածումը հայկական միջավայրում: Այն հիմնվել է 2014 թվականին ՀՀմշակույթի նախարարության հովանավորությամբ: Նախորդ չորս տարվան գիտաժողով-փառատոնն անցկացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կողմից՝ ներգրավելով միջազգային հեղինակություն ունեցող երաժիշտների և գիտնականների:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am