Լևոն Բաղդասարյանը Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեց
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեց:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
«Արտերկյա և հայաստանյան բժիշկները եզրակացրել են, որ իմ պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը խոչընդոտում է Գրիգորյանի ինտենսիվ բուժմանը»,- նշեց պաշտպանը:
Հունիսի 3-ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
ԱԺ-ի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթությամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում