Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան. աշխարհի գավաթի խաղարկություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ շրջանի երկրորդ պարտիայում Արոնյանն, ով մրցում էր Վիետնամից Լե Քուանգ Լիեմի հետ, կրկին ոչ-ոքի գրանցեց: Այժմ գրոսմայստերները կմրցեն արագ և կայծակնային շախմատում:
Հայաստանի 4 ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը: Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում է 128 շախմատիստ: Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում