Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Ստամբուլում տեղի է ունեցել «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը

Ստամբուլում տեղի է ունեցել «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման 
արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել ամենամյա «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:

Մրցանակը տրվել է ազգությամբ թուրք, նախկին ուսուցչուհի, կանանց իրավունքների պաշտպան Նեբահաթ Աքքոչին, որը պայքարել է կանանց նկատմամբ տղամարդկանց բռնության դեմ:

Մրցանակի է արժանացել նաև հնդկուհի Ագնես Խարշինգը, որը պայքարել է Հնդկաստանում աղքատների, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության համար:

«Հրանտ Դինք» միջազգային մրցանակը սահմանվել է 2009 թվականին Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կողմից՝ ի հիշատակ նշանավոր պոլսահայ մտավորական, «Ակոս» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի։ Մրցանակը հանձնվում է Թուրքիայից և արտասահմանից երկու անձի կամ կազմակերպության, որոնք  պայքարում են խտրականության, ռասիզմի և բռնության դեմ, սեփական իդեալների համար պատրաստ են ռիսկի գնալ և նման կերպ խրախուսում և ոգեշնչում են մյուսներին:

Ամենամյա մրցանակաբաշխությունը նպատակ ունի ցույց տալու, որ սեփական իդեալների համար պայքարող մարդկանց ձայնը լսելի է, նրանց աշխատանքը` տեսանելի, և նրանք միայնակ չեն:

Հրանտ Դինքը սպանվել էր թուրք ազգայնականների կողմից 2007 թվականի հունվարի 19-ին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ