Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Առաջին կիսամյակում հանքաքարի արտահանումը կրճատվել է, թանկարժեք մետաղներինը՝ ավելացել


Հայաստանից արտահանման մասով 2019թ առաջին կիսամյակում գրանցված 0.5 տոկոս անկումը հիմնականում պայմանավորված է եղել պղնձի խտահանքի, հանքաքարի (-8%), սիգար, սիգարելլա և սիգարետի (-4%), ալյումինե նրբաթիթեղի (-9%), էլեկտրաէներգիայի (-37%), ադամանդի (-33%) արտահանման նվազմամբ: Որոշ ապրանքների արտահանման նվազման հետ մեկտեղ էականորեն ավելացել են արտահանման կառուցվածքում բարձր մաքսային արժեք ունեցող մի շարք ապրանքների արտահանման ծավալները:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկը, որի համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանից մոտ 26 անգամ աճել են ծխախոտի արտահանման ծավալները։ Հայաստանից ծխախոտի պատրաստուկ և այլ փոխարինիչ հիմնականում արտահանվում է Վրաստան, ՌԴ, Իրաք և այլ երկրներ։ Դիտարկվող ժամանակահատվածում դեպի Իրաք արտահանման ծավալները մաքսային արժեքով արտահայտված ավելացել են գրեթե 25 անգամ։

Թանկարժեք մետաղի թափոն և ջարդոն ապրանքատեսակի արտահանման ծավալները աճել են 7 անգամ, որի հիմնական ուղղություններից են Լատվիան, Շվեյցարիան և այլն։ Դեպի Լիտվա և Ռուսաստան նշված ապրանքատեսակի արտահանման ծավալներն աճել են համապատասխանաբար 5.7 և 8 անգամ։

Թարմ կամ սառեցված վարունգի արտահանման ծավալներն աճել են մոտ 5 անգամ, մասնավորապես դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են մոտ 5 անգամ, դեպի Վրաստան՝ մոտ 4.5 անգամ։ Նշված ապրանքատեսակի արտահանման ուղղություններից են համարվում նաև Լիտվան և Լեհաստանը։

Աճ են գրանցել նաև բժշկության մեջ կիրառվող սարքերի և հարմարանքների արտահանման ծավալները. նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է մոտ 17 անգամ։ Արտահանման հիմնական ուղղություններից են համարվում Հոնկոնգը, ԱՄԷ-ն, Ղազախստանը, Միացյալ Թագավորությունը, Նիդերլանդները, Չինաստանը և այլն։

Գրեթե 2 անգամ կրճատվել են մի շարք մրգատեսակների՝ ծիրանի, կեռասի, բալի և այլն, արտահանման ծավալները. եթե 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 11.1 մլն ԱՄՆ դոլար ապրանքի միրգ, ապա ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 5.6 մլն ԱՄՆ դոլարի ապրանք։

Աճ են գրանցել նաև շոկոլադի, պահածոյացված մրգի, ընկուզեղենի, հատապտղի, սառեցված և թարմ ձկան արտահանման ծավալները։ Մոլիբդենի հանքաքարի և խտահանքի, ոսկերչական իրերի, երկաթահամահալվածքի արտահանումը ևս աճել է։ 

Արտահանման ծավալների կրճատում է նկատվել հիմնականում  տրիկոտաժե արտադրանքի՝ սվիտեր, պուլովեր և այլն, ժամացույցի կորպուսների, մարդատար ավտոմեքենաների և այլ ապրանքատեսակների գծով։

Ի տարբերություն նախորդ տարվա առաջին կիսամյակի այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանը Ղազախստան չի արտահանել տրիկոտաժե արտադրանք, սակայն դրա փոխարեն Հայաստանը նշված ապրանքատեսակը սկսել է արտահանել դեպի նոր շուկաներ, մասնավորապես՝ ԱՄՆ, Ֆրանսիա։ Տրիկոտաժե արտադրանքի հիմնական արտահանման ուղղություններից է Ռուսաստանը, ինչի կրճատման հաշվին էլ պայմանավորված է ընդհանուր ապրանքատեսակի գծով արտահանման անկումը։

Կրճատվել են նաև դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները՝ 36.4 տոկոսով։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ