Ucom-ը «Վարդանանց» կենտրոնի հետ հանդես է եկել uDoctor առցանց բժշկական խորհրդատվության լուծումով
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը թողարկել է իր հերթական բջջային uDoctor հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում օգտատերերին առցանց բժշկական խորհրդատվական կարծիք ստանալ ցանկացած ժամին և ցանկացած վայրում գտնվելիս։ Խորհրդատվությունն իրականացվում է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի բարձրակարգ բժիշկների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներբեռնելով uDoctor հավելվածը Google Play-ից կամ App Store-ից՝ օգտատերերը կարող են շտապ բժշկական խորհրդատվություն ստանալ առանց հերթերի և ցանկացած վայրում գտնվելիս:
«Մենք ունենք լավ ցանց, հետաքրքիր կոմունիկացիա, բայց այն ծառայությունների շարքը, որը հնարավոր է այդ ցանցի միջոցով իրականացնել, ոչ ամբողջությամբ է հասանելի ազգաբնակչությանը: Շատ վաղուց ամբողջ աշխարհում բավականին բուռն կերպով զարգանում է հեռաբժշկության ներգրավումը, և ազգաբնակչությունը դրանից օգտվում է»,- նշեց Եսայանը:
Ըստ Ucom ընկերության գլխավոր տնօրենի՝ վիճակագրության համաձայն՝ հետխորհրդային երկրներում ազգաբնակչության 60 տոկոսը զբաղվում է ինքնաբուժմամբ, և այս կարծրատիպը պետք է կարողանալ փոխել:
«Դա գալիս է մի շարք խնդիրներից, քանի որ հիվանդանոց այցելելը ժամանակատար է, սակայն հեռաբժշկության միջոցով, կարծում եմ, այդ խնդիրը մենք կլուծենք»,- հավելեց Եսայանը:
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանի խոսքով՝ առաջին կասկածը, որ առաջանում է՝ արդյոք հեռաբժշկությունը կարո՞ղ է փոխարինել լիարժեք կերպով անմիջապես բժշկին տեսնելը: Պատասխանը՝ միանշանակ այո, որովհետև ապացուցված է, որ բժշկության մեջ ճիշտ ախտորոշումը 90 տոկոսով և ավելի բժիշկները ստանում են մարդու պատմածից, այլ ոչ թե իրեն լսելուց, շոշափելուց և միայն 5-6 տոկոսն է, որ ստանում է անմիջական շփման ժամանակ և գործիքային հետազոտություններով: Սա համար, միգուցե, տարօրինակ լինի, որովհետև մենք սիրում ենք հիմնականում գործիքային հետազոտություններ անցնել, բայց փաստը մնում է փաստ: Այսինքն՝ սա է այն հիմքը, որ հեռաբժշկությունը աշխատում է աշխարհով մեկ»,- ասաց Մանգոյանը:
Հեռաբժշկությունն աշխարհում արագ զարգացող ուղղություններից է, իսկ որոշ երկրներում (ԱՄՆ, Միացյալ Թագավորություն) այն ապահովագրական փաթեթների կարևորագույն բաղադրիչն է և առողջապահական համակարգի անքակտելի մաս: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հեռաբժշկությունը թույլ է տալիս առավել արդյունավետ կազմակերպել բժիշկների աշխատանքը և բազմաթիվ խնդիրներ լուծել առաջին իսկ առցանց խորհրդատվության ժամանակ:
Որպես թվային ընկերություն՝ Ucom-ը մեծագույն պատասխանատվությամբ է ներկայացնում uDoctor նորարարական լուծումը, որն ստեղծվել է առաջատար գործընկեր, հեռաբժշկության ոլորտի և առցանց խորհրդատվության նախագծող, ռուսաստանյան « Mobile Medical Technologies» ՍՊ ընկերության հետ գործակցությամբ և համապատասխանեցվել է տեղական շուկայի պահանջներին: Այսպիսով, Ucom-ն իր գործընկերների հետ Հայաստանում առաջին քայլն է անում հեռաբժշկության զարգացման ուղղությամբ:
«MMT» ՍՊԸ-ի տեխնոլոգիական լուծումը հաջողությամբ կիրառվել է ԱՊՀ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ղազախստանն ու Տաջիկստանը:
Նորարարական այս լուծումը հնարավորություն է ընձեռում բժիշկների մասին մասնագիտական տեղեկատվություն, այլ օգտատերերի գնահատականներ և կարծիքներ ստանալ: uDoctor-ի միջոցով խորհրդատվություն ստանալը մատչելի է, այն ապահովում են տարբեր մասնագիտացումներ ունեցող բժիշկներ, իսկ հերթապահ բժիշկները կապի մեջ են 24/7 ռեժիմով:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել uDoctor հավելվածը կամ մուտք գործել udoctor.am կայքը, գրանցվել, կցել բանկային քարտը և ընտրել բժշկին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում