Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Համահայկական խաղերով մենք արձանագրում ենք, որ որպես ազգ միասնական ենք. Նիկոլ Փաշինյան

Համահայկական խաղերով մենք արձանագրում ենք, որ որպես ազգ միասնական ենք. 
Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Ազատության հրապարակում մասնակցել է Համահայկական ամառային 7-րդ խաղերի հանդիսավոր փակմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախ տեղի է ունեցել Համահայկական ամառային 7-րդ խաղերի շրջանակում մի շարք անվանակարգերում լավագույնը ճանաչված մասնակիցներին և պատվիրակություններին մրցանակների հանձնման արարողությունը։ «Լավագույն պատվիրակություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը, «Համահայկական խաղերի հայտնություն» անվանակարգում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի պատվիրակությունը, «Արդարացի խաղի համար» անվանակարգում՝ Սիրիայի Հալեպ քաղաքի աղջիկների բասկետբոլի թիմը, «Կարգապահություն և մարզական ոգի» անվանակարգում՝ Վիեննա քաղաքի պատվիրակությունը, «Լավագույն քաղաքներ» անվանակարգում՝ Էջմիածին և Սիդնեյ քաղաքները, «Համահայկական խաղերի գեղեցկուհի» անվանակարգում՝ Աննա Թունյանը։ Վարչապետը գավաթներ և դիպլոմներ է հանձնել հաղթողներին, շնորհավորել և մաղթել հաջողություններ։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

 

«Համահայկական ամառային 7-րդ խաղերի ուժեղ և դուխով մասնակիցներ,

ողջունում եմ բոլորիդ:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Կառավարության հարգելի անդամներ,

Պետական այրեր,

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի հարգելի անդամներ,

Համահայկական խաղերի սիրելի մասնակիցներ,

Սիրելի հայրենակիցներ,

Ահա և ավարտվեցին Համահայկական 7-րդ խաղերը, որոնք վերջին 14 օրվա ընթացքում՝ բացման արարողությունից մինչև փակման արարողություն, մեծ բերկրանք պատճառեցին բոլորիս, մեծ բերկրանք պատճառեցին Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը:

 

Կրկին և կրկին ուզում եմ շեշտել, որ մենք այս օրերին վայելեցինք իրար հետ լինելու, միասին լինելու գերագույն հաճույքը, որովհետև մենք արձանագրում ենք այսպիսով, որ որպես ազգ, որպես ժողովուրդ մեկ ենք և միասնական՝ անկախ նրանից, թե աշխարհի որ մասում ենք ապրում: Եվ ահա այսօրվա փակման արարողությունը գալիս է խորհրդանշելու, որ աշխարհի բոլոր հայերի համար, յուրաքանչյուր հայի համար կա մեկ մայրաքաղաք, և այդ մայրաքաղաքը Երևանն է:

Ես ուզում եմ շնորհավորել Համահայկական խաղերի բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին: Ես ուզում եմ շնորհավորել նաև Համահայկական խաղերի բոլոր մասնակից մարզիկներին, որովհետև նրանք իրենց մասնակցությամբ մեծ արժեք, մեծ ուժ և մեծ բովանդակություն են տվել Համահայկական խաղերին: Ես ուզում եմ շնորհավորել Համահայկական 7-րդ խաղերի բոլոր կազմակերպիչներին, բացման և փակման արարողությունների  բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին: Ես ուզում եմ շնորհավորել մեր այն հայրենակիցներին, ովքեր Համահայկական խաղերի այս ընթացքում ձեռք բերեցին նոր ընկերներ, նոր ծանոթներ, նոր բարեկամներ։ Հույս ունեմ, որ ձեռք բերված կապերը կպահպանվեն և կշարունակվեն, որ դուք, Արցախում և Հայաստանում իրար գտնելով, այլևս երբեք իրար չեք կորցնի:

 

         Սիրելի հայրենակիցներ,

Համահայկական խաղերն այլևս անշրջելիորեն տեղ են զբաղեցնում Հայաստանի և հայության մարզական օրակարգում, հայ ժողովրդի հանրային կյանքի օրակարգում, Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերությունների օրակարգում: Եվ սա կարևորագույն մի հարթակ է, որտեղ իսկապես, անկախ կուսակցական պատկանելիությունից, անկախ քաղաքական հայացքներից, մենք զգում ենք որպես մեկ ամբողջություն, մենք զգում ենք որպես մեկ միասնականություն: Եվ ուրեմն, ես համոզված եմ, որ Համահայկական 8-րդ խաղերն ավելի մեծ թվով մասնակիցներ են ունենալու, ավելի բարձր մարզական մակարդակ են ունենալու, ավելի բարձր տրամադրություն են ունենալու, և մարզիկներն ավելի մեծ հաջողություններ են ունենալու:

 

 Եվ ուրեմն՝

Կեցցե՛ն Համահայկական խաղերը,

Կեցցե՛ն Համահայկական խաղերի բոլոր մասնակիցները,

Կեցցե՛ հայ ժողովուրդը:

 

Եվ այսպիսով՝ Համահայկական ամառային 7-րդ խաղերը հայտարարում եմ փակված»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]