Հասարակական

Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցը

2 րոպեի ընթերցում

Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 7-ին ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչոթյունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները և առաջիկա անելիքները:

Կողմերն անդրադարձել են նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում լարվածության աճին: Արտահայտելով իր մտահոգությունը քաղաքացիական անձանց կյանքի, առողջության և գույքի նկատմամբ առկա սպառնալիքներին, Ք.Մեյթրոն պատրաստակամություն է հայտնել ՀՀ պատկան մարմինների հետ համագործակցությամբ առավել խոցելի համայնքներից մեկում իրականացնել ռիսկերի նվազեցմանն ուղղված պիլոտային ծրագիր, որը ենթադրում է համայնքների դպրոցներում, մանկապարտեզներում ու առավել գնդակոծվող տեղամասերում պաշտպանիչ պատերի կառուցում և մարդկանց շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցառումների անցկացում:

Հանդիպման վերջում զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հետ կապված, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում