Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Սկսվել են անվտանգ գոտու թեմայով թուրք-ամերիկյան բանակցությունները


ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ զինվորական պատվիրակության և Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների միջև Անկարայում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում կողմերը քննարկել են  Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում անվտանգ գոտի ստեղծելու թեման:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլլիեթ» լրատվամիջոցը:

Անկարայում սկսվել են Սիրիայում անվտանգ գոտի ստեղծելու շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը: Ըստ տեղեկությունների՝ ամերիկյան կողմը առաջարկում է, որ անվտանգ գոտին ունենա 15 կմ լայնություն և 140 կմ երկարություն, մինչդեռ թուրքական կողմը պնդում է, որ այն պետք է ունենա 30-35 կմ լայնություն և մոտ 400 կմ երկարություն: Թուրքիան չի ցանկանում, որպեսզի քուրդ զինյալների համար միջանցք ստեղծվի, ուստի, եթե ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության չգան, ապա Թուրքիայի զինված ուժերը երկու շաբաթվա ընթացքում ռազմական գործողություններ կսկսեն Եփրատ գետի հյուսիսային շրջաններում:

Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, անվտանգ գոտի ստեղծելու մասին 2013 թվականին առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները: Թուրքական կողմը նախապես պահանջում էր, որ «անվտանգ գոտին» ունենա 30-40 կմ լայնություն և 460 կմ երկարություն: Սակայն, աստիճանաբար զիջումների գնալով, պահանջում է 30-35 կմ լայնություն և մոտ 400 կմ երկարություն:

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև անվտանգ գոտու թեմայով բանակցություններ տեղի են ունեցել հուլիսի 23-ին, երբ Թուրքիա էր ժամանել Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին: Այդ ժամանակ ամերիկյան կողմի՝ անվտանգ գոտու 5-14 կմ լայնություն ունենալու առաջարկը մերժվել էր Թուրքիայի կողմից:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ