Լանջաղբյուրում ներդրվում է ոչխարաբուծության խոշոր ծրագիր
ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում մեկնարկել է ոչխարաբուծական խոշոր ծրագիր, որը հավակնում է խթանել նաեւ ոչխարաբուծության արագ զարգացմանը Գեղարքունիքի ու Հայաստանի այլ մարզերի համայնքներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լանջաղբյուր գյուղի բնակիչ, ոչխարաբուծական նորաստեղծ տնտեսության ղեկավար , անհատ ձեռներեց Արսեն Մարգարյանը, ծրագիրն իրականացվում է ռուսաստանաբնակ գործարարներ Սերգո Բազեյանի, Վազգեն Նավոյանի եւ իր համատեղ գործակցությամբ:
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Ռուսաստանի Դաշնությունից Լանջաղբյուր է տեղափոխվել 230 գլուխ ոչխար, որոնցից 13-ը խոյեր են, մնացածը՝ մաքիներ: Տեղափոխության ընթացքում ու հետագա օրերին նաեւ ծին է տեղի ունեցել. 10 մայր ոչխարից 20 գառ է ծնվել: «Ոչխարաբուծական մեր ծրագիրը նախատեսում է ունենալ մինչեւ 4000 գլուխ հոտ, որից մինչեւ 1200-ը կկազմեն մայրերը, մնացածը՝ գառները: Մենք Ռուսաստանից ներկրել ենք «Ռոմանովսկի» ցեղատեսակի ոչխարներ, որոնք ունեն բարձր գառնատվություն: Այն ստացվել է 1958 թվականին, եղնիկի, այծի եւ ոչխարի խաչասերումից: Տարեկան ամեն մայրը տալիս է մինչեւ 5 գլուխ գառ՝ ծնելով երկու անգամ: Ոչխարներից յուրաքանչյուրը կշռում է մինչեւ 50 կիլոգրամ, տարվա ընթացքում խուզվում երեք անգամ՝ ապահովելով բարձր բրդատվություն: Մենք այս ընթացքում, մինչեւ ոչխարների ներկրումը, կառուցել ենք ոչխարաբուծական ֆերման՝ այն զինելով օդափոխության սարքերով, մայրերի ու գառների համար առանձնացված վանդակներով, բոլոր անհրաժեշտ պայմաններով: Ամենայն ուշադրություն ենք դարձնում խնամքին, կերակրմանը, անասնահամաճարակների դեմ տարվող պայքարի միջոցառումներին»,- տեղեկացրեց Արսեն Մարգարյանը:
Անհատ ձեռնարկատերը ներկայացրեց նաեւ ձեռնարկատիրական հեռանկարային ծրագրերը, որոնք ոչ միայն խթանելու են անասնամթերքի իրացումը, այլ նաեւ մանվածքի արտադրության զարգացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը: «Մենք ծրագրում ենք մեր ֆերմային կից տարածքում ունենալ մեր սպանդանոցը, որտեղ կարող ենք սպանդի համար ընդունել նաեւ շրջակա համայնքների տնտեսությունների անասունները: Ստեղծելու ենք նաեւ բրդի մթերման ու վերամշակման արտադրամաս, որտեղ մթերելու ենք մարզի տնտեսություններում արտադրված բուրդը: Մեր արտադրական տարածքում ունենալու ենք նաեւ կարի արտադրամաս, որտեղ կարող ենք ընդունել կարի համապատասխան պատվերներ բանակի, այլ կազմակերպությունների կամ անհատների կողմից: Ընդհանուր առմամբ, մոտ ապագայում մեզ մոտ կբացվի մինչեւ 60 աշխատատեղ »,-հավաստեց անհատ ձեռնարկատերը:
Այսօր ոչխարաբուծական ֆերմա այցելեց ու մեկնարկած ներդրումային ծրագրի ընթացքին ծանոթացավ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ով միաժամանակ հավաստեց, որ սույն ծրագիրը ներկայացվել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» տնտեսական համաժողովում ու առաջիններից մեկն է, որ բարեհաջող կյանքի է կոչվում:
«Մենք որոշակի ընթացակարգերում աջակցել ենք այս ծրագրի կյանքի կոչմանը, որպեսզի ոչ մի խոչընդոտ չառաջանար ձեռնարկատերերի համար: Այսուհետ էլ պատրաստ ենք նրանց աջակցելու հեռանկարային մյուս ձեռնարկներում: Կարծում եմ, որ այս ծրագիրը օրինակ կծառայի նաեւ մյուս համայքներում, կոգեւորի մյուս ձեռներեցներին: Ոչխարաբուծական տնտեսությունները կմտածեն իրենց հոտերը այս ցեղատեսակով թարմացնելու մասին: Ի դեպ, մենք ունենք եւս մի քանի ոչխարաբուծական խոշոր ծրագրեր, որոնք շուտով կդրվեն գործողության մեջ: Դրանցից ավելի առարկայականը մենք շուտով կտեսնենք Ծովասարում ու Դրախտիկում»- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում