Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մարտունի քաղաքում անցկացվեց «Կայուն էներգիայի օր» միջոցառումը

Մարտունի քաղաքում անցկացվեց «Կայուն էներգիայի օր» միջոցառումը

ԳԱՎԱՌ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվաարշավ, կայուն էներգիայի թեմայով նկարչական մրցույթ, էներգախնայողության թեմայով բեմադրություն եւ ուսուցողական աշխատաժողով. սրանք այն հիմնական ուղղություններն էին, որոնք ընդգրկված էին  Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անցկացված «Կայուն էներգիայի օր» միջոցառման  հիմքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմիցայն կազմակերպվել էր «Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվա» շրջանակներում:

Եվրոպայի խորհրդի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արեւելք» ծրագրի եւ Մարտունու համայնքապետարանի կողմից համատեղ կազմակերպված միջոցառման շրջանակում անցկացվեց հեծանվարշավ, մանկական նկարչական մրցույթ: Տեղի ունեցավ նաեւ արեւային ֆոտովոլտային եւ ջրատաքացուցիչ համակարգերի ցուցադրում եւ աշխատաժողով: Այնուհետեւ հեծանվարշավի, նկարչական մրցույթի եւ բեմադրության բոլոր մասնակիցները հուշանվերներ ու հավաստագրեր ստացան  «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արեւելք» ծրագրի եւ համայնքապետարանի կողմից:

Ծրագրի մշակութային մասից հետո ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) եւ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷ հիմնադրամ) հետ համագործակցաբար անցկացվեց ուսուցողական աշխատաժողով, որի ընթացքում ներկայացվեցին Քաղաքապետերի դաշնագրի հիմնական նպատակները եւ զարգացումները, ինչպես նաեւ  համայնքների հանձնառությունները եւ գործողությունները: ՄԱԶԾ ու ՀՎԷԷ հիմնադրամի փորձագետների կողմից ներկայացվող նյութերի շնորհիվ աշխատաժողովի մասնակիցները ծանոթացան փողոցային լուսավորության համակարգերում եւ շենքերում ժամանակակից էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման հիմնական մոտեցումներին, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների շնորհիվ ջերմային եւ էլեկտրական էներգիայի արտադրության տեխնոլոգիաներին:

«Ծրագրի հիմնական նպատակն է՝ իրազեկել ժողովրդին, տեղյակ պահել էներգաարդյունավետության ու էներգախնայողության եւ վերականգնվող էներգիայի ուղղությունների մասին: Այսօր ամբողջ աշխարհում կարեւորվում է շրջակա միջավայրի պահպանությունը, իսկ դրա լուծման կարեւոր ուղղություններից է ածխաթթու գազի արտանետումների կրճատումը: Էներգախնայող միջոցներին անցում կատարելու դեպքում այդ արտանետումները կրճատվում են: Մարտունին նման հանձնառություն է ստանձնել»,-նշեց Մարտունու քաղաքապետի տեղակալ Հովսեփ Տոնոյանը:

«Այս նախաձեռնության յուրահատկությունն այն է, որ նրա հիմքում բազմաթիվ համայնքների հանձնառությունն է՝ պայքարել կլիմայի փոփոխության դեմ եւ դիմակայել կլիմայական վտանգներին. պետությունները նախաձեռնության շրջանակներում անմիջական մասնակցության չունեն, միայն համայնքներն են մասնակցում՝ սահմանելով նախաձեռնության կանոնները եւ ապահոլով դրանց  կատարումը եւ մշտադիտարկումը»,- նշեց Հայաստանում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը:

 «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արեւելք» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից եւ իրականացվում է Արեւելյան գործընկերության 6 երկրներում: Դաշնագրին միացել են ՀՀ 24 համայնքներ: Ծրագրի հիմնական նպատակներն են՝ դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համաայնքներին, շահառուների հետ կապերի ուժեղացումը եւ դոնորների ներգրավումը: Դաշնագրի ազգային աջակիցներից է «Հայաստանի համայնքների միությունը»:

Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին եւ ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին եւ դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:

Խոսրով  Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am