Հայաստանի կայուն էներգետիկ զարգացումը ՔՀԿ-ների կոալիցիայի ուշադրության կենտրոնում է. կայացավ 4-րդ նիստը
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագրի շրջանակներում կայացավ Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների (Քաղաքացիական հասարակության կազմակերպություն) կոալիցիայի 4-րդ նիստը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստին մասնակցում էին կոալիցիայի անդամ տարբեր կազմակերպություններ և հյուրեր:
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ շատ է կարևորում անցած ժամանակահատվածում կոալիցիայի գործունեությունը:
«Ձևավորումից հետո կոալիցիայից ակնկալում էինք երկու արդյունք: Առաջինը՝ ուղղված էներգետիկայի ոլորտում հանրային քաղաքականությունների մշտադիտարկմանը, բարելավմանը, իսկ երկրորդը՝ ուղղված կոալիցիայի ներքին հզորությունների, կարողությունների զարգացմանը, որպեսզի այն դառնա իր գործունեության ոլորտում հիմնական դերակատարներից մեկն ու կառավարության գործընկերը»,- ընդգծեց Զադոյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահն ասաց, որ իրենք կարևորում են ներքին փաստաթղթերի մշակումը՝ ռազմավարության, էթիկայի կանոնների ջատագովության և ֆոնդի հայթայթման:
«Դրանք անկյունաքարային փաստաթղթեր են, որոնք կոալիցիայի զարգացման համար շատ կարևոր են: Ես վստահ եմ, որ կոալիցիան մեծ ազդեցություն ունի ՀՀ-ում էներգետիկայի ոլորտի հետագա զարգացման վրա»,- շեշտեց Զադոյանը և հավելեց, որ իրենց ՀԿ-ն տրամադրել է դրամաշնորհ հանրային քաղաքականությունների մշակման, բարեփոխումների, ինչպես նաև կոալիցիայի կարողությունների զարգացման համար:
Կոալիցիայի հիմնադիր կազմակերպություններից «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ (ԷԽԱՀ) տնօրեն Աստղինե Պասոյանը շեշտեց, որ այսուհետև իրենք պետք է չլինեն միայն կազմակերպությունների մի խումբ, այլ լինեն կառույց, որն ունի ընդհանուր նպատակ, գործիքակազմ, տեսլական: «Ավարտվում է ծրագիրը, բայց սկսվում են գործողությունները»,- վստահեցրեց Պասոյանը:
«Կանայք հանուն կլիմայի և էներգետիկայի» ՀԿ նախագահ Նունե Սաքանյանը ներկայացրեց «Համայնքային կայուն էներգետիկ զարգացման մշտադիտարկման «խելացի» հարթակ»-ը՝ նշելով, որ ծրագրի շրջանակներում նպատակադրվել էր ստեղծել միացյալ մեթոդական և մոնիթորինգային հարթակ համայնքներում՝ Քաղաքապետերի դաշնագրից բխող էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի, կլիմայի փոփոխության հարմարվողականության պարտավորությունների կատարման խթանման նպատակով՝ դյուրացնելով էներգետիկ ծրագրերի մոնիթորինգի գործընթացը։
Նիստի նպատակն էր ներկայացնել 2018 թվականին հունիսից մեկնարկված «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագրի շրջանակներում ձևավորված՝ «Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված» ՔՀԿ-ների կոալիցիայի իրականացրած աշխատանքները, մասնավորապես՝ էներգաարդյունավետ գնումների և համայնքային կայուն էներգիայի կայանների գործունեության կարգավորումների ներդրման, համայնքային կայուն էներգետիկ զարգացման մշտադիտարկման «խելացի» հարթակի ստեղծման և գործարկման, թիրախային համայնքներում կանանց կարողությունների ուժեղացման աշխատանքները, ամփոփել կոալիցիայի գործունեության մեկամյա ժամանակահատվածը՝ անդրադառնալով նաև իրազեկման և լրատվամիջոցների հետ համագործակցության աշխատանքներին, մշակված ներքին փաստաթղթերին՝ զարգացման, ջատագովման, ֆինանսների հայթայթման ռազմավարություններին, շահերի բախման և էթիկայի կանոններին։
ԷԽԱՀ Կայուն էներգետիկայի ծրագրերի համակարգող Թամարա Բաբայանը, նիստի օրակարգի շրջանակներում ներկայացրեց էներգաարդյունավետ գնումների և համայնքային կայուն էներգիայի կայանների գործունեության կարգավորման ներդրման ուղղությամբ կոալիցիայի իրականացրած աշխատանքները:
«Աջակցություն բարեփոխումներին» ՀԿ տնօրեն Անուշ Պետրոսյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրականացված՝ կանանց կարողությունների բարձրացման, իրազեկման և լրատվամիջոցների հետ համագործակցության ուղղությամբ իրականացված աշխատանքները, ընդգծելով, որ ստացված արդյունքների կայունության և զարգացման տեսանկյունից կարևոր է միջոցառումների շարունակականությունը:
Նիստի ընթացում ցուցադրվեց «Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված» ՔՀԿ-ների կոալիցիայի գործունեությունը լուսաբանող տեղեկատվական ֆիլմը, որն ամփոփ ներկայացնում է ձևավորումից ի վեր անցած մեկ տարում կոալիցիայի գործունեությունը` հրավիրած աշխատաժողովները, նիստերը, հանդիպումները, քննարկումները, վերապատրաստման ուսուցողական դասընթացները և դրանց արդյունքները։
Միջոցառման շրջանակներում քննարկվեցին կոալիցիայի կարողությունների զարգացման հնարավորությունները, ինչպես նաև կոալիցիայի ներքին փաստաթղթերի վերջնական տարբերակները՝ «Զարգացման ռազմավարությունը», «Ֆինանսների հայթայթման ռազմավարությունը», «Ջատագովման ռազմավարությունը», «Շահերի բախման և էթիկայի կանոնները»:
«Արմենպրես»-ը կոալիցիայի ինֆորմացիոն գործընկերն է: