Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ-արաբական հարաբերությունների հեռանկարը․ ձեռքբերումներ ու կորսված հնարավորություններ

   Հայ-արաբական հարաբերությունների հեռանկարը․ ձեռքբերումներ ու կորսված 
հնարավորություններ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 21-ին Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ Արաքս Փաշայանը «Արևելյան աղբյուրագիտությունը և պատմագրությունը Հայաստանում ԻԱ դարասկզբի Հայաստանում» երկօրյա միջազգային գիտաժողովի շրջանակներում անդրադարձել է հայ-արաբական հարաբերություններին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին:

«Արմենպրես»-ը ներկայացնում է զեկուցումն ամբողջությամբ: 

Պատմաշխարհագրական Բիլադ ալ-Շամից մինչև Հայաստանի երկրորդ հանրապետություն 

1991 թ․ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո Հայաստանի մերձավորարևելյան արտաքին քաղաքականության մեջ առանձնացավ և կարևորվեց արաբական ուղղությունը։ Արդեն 1992–թվականին ՀՀ ԱԳՆ-ում բացվեց արաբական երկրների բաժին։

Հայ-արաբական հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, և սկսած միջնադարից, աչքի են ընկել համագործակցության բազմաթիվ դրսևորումներով՝ մշակութային, առևտրատնտեսական, ռազմաքաղաքական և այլն։ Բիլադ ալ-Շամը (ներկայիս՝ Սիրիան, Լիբանանը, Պաղեստինը, Հորդանանը, Իրաքը, Եգիպտոսը), կարելի է ասել, Հայաստանի հետ եղել է պատմամշակութային նույն տարածքում։ Հայաստանը երկուսուկես դար եղել է Արաբական խալիֆայության և շուրջ չորս դար, արաբների հետ միասին, Օսմանյան կայսրության կազմում: Տարածաշրջանում դեռևս շատ վաղուց` V դարից, եղել են հայկական համայնքներ:

Հայաստանի իշխանությունները ծրագրում էին արաբական երկրների հետ հաստատել բազմակողմ հարաբերություններ։ Դրանք բարեկամական հարաբերություններ էին, այդ հարաբերություններում, կարելի է ասել, որևէ կնճռոտ հարց չկար, դեռ ավելին՝ այնքան պրո-արաբական, որ Հայաստանը, հաշվի առնելով Իրանի գործոնը, նույնիսկ կաշկանդվում էր Իսրայելի հետ բազմակողմ հարաբերությունների հաստատումից, ինչը որոշակի բացթողում կարելի է համարել։ Հատկանշական է, որ խորհրդային շրջանում Հայաստանում ձևավորված արդի արաբագիտական հետազոտությունների դպրոցը Իսրայել-արաբական աշխարհ հարաբերությունների հետ կապված ուսումնասիրություններում շատ դեպքերում նույնպես աչքի էր ընկնում պրո-արաբական մոտեցումներով։

Այնպես որ պատահական չէ, որ ՀՀ առաջին նախագահ Լ․Տեր-Պետրոսյանը առաջին երկրներից մեկը, որն այցելեց, Սիրիայի Արաբական Հանրապետությունն էր։ Դա 1992 թ․ ապրիլին էր։ Արաբական երկրներից Սիրիան դարձավ աշխարհում երրորդ երկիրը, որտեղ, հաշվի առնելով նաև հայկական համայնքի գործոնը, 1992 թ. նոյեմբերին բացվեց Հայաստանի դեսպանություն։ Դամասկոսի դեսպանատան բացումից հետո 1993 թ. մարտին Հալեպում բացվեց գլխավոր հյուպատոսություն, որը Սիրիայի քաղաքացիական պատերազմի շրջանում դարձավ միակ դիվանագիտական ներկայացուցչությունը, որը գոյատևեց նման բարդ պայմաններում: 2010 թ․ Դեյր-Զորում բացվեց  ՀՀ պատվո հյուպատոսություն։ 1997 թ․ Դամասկոսը դեսպանություն բացեց Երևանում։ Հայաստանի իշխանությունները Սիրիայի դեսպանատանը նվիրեցին Երևանի կենտրոնում գտնվող և ճարտարապետական առումով ամենագեղեցիկ շենքերից մեկը։ Այդպիսով, Երևանը իր երախտագիտությունը հայտնեց սիրիացի ժողովրդին և սիրիական կառավարությանը՝ Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին ապաստան տալու համար:

Արաբական մյուս երկրներից մեկը, որը կարևորվեց, Եգիպտոսն էր։ 1992 թ․ ապրիլին Սիրիա կատարած այցելությունից ընդամենը մեկ ամիս անց, մայիսին, ՀՀ առաջին նախագահը պաշտոնական այցով մեկնեց Եգիպտոս։ Հայաստանը Կահիրեում դեսպանություն բացեց 1992 թ․ սեպտեմբերին, իսկ 1992 թ․ ապրիլից Երևանում իր աշխատանքները սկսեց Եգիպտոսի դեսպանությունը։

Հընթացս, Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց արաբական բազմաթիվ այլ պետությունների հետ՝ Հորդանան, Լիբանան, Իրաք, Ծոցի երկրներ, աֆրիկյան երկրներ։ Բացի Սիրիայից և Եգիպտոսից, ՀՀ-ն դեսպանություններ ունի նաև Լիբանանում (1994 թ․ հունիսից, Լիբանանը՝ Հայաստանում՝ 1997 թ․ սեպտեմբերից), Իրաքում՝ 2000 թ․-ից, իսկ Իրաքը՝ ՀՀ-ում՝ 2001 թ․-ից, Արաբական Միացյալ Էմիրություններում՝ 2002 թ․-ից, և 2015 թ.-ից ԱՄԷ-ն՝ Երևանում։ Քուվեյթում ՀՀ դեսպանությունը բացվեց 2010 թ․-ին, իսկ Քուվեյթը Հայաստանում դեսպանություն բացեց 2011 թ․-ին։

Փախստականից մինչև քաղաքացի․ Հայոց ցեղասպանության և հայ համայնքների գործոնը հայ-արաբական հարաբերություններում 

Հայաստանի և արաբական երկրների հետ հարաբերությունների հաստատման և հետագա զարգացման հարցում որոշակիորեն կարևոր էր պատմական անցյալի, բայց նախևառաջ՝ Հայոց ցեղասպանության գործոնը։ Արաբական երկրների հայ համայնքների զարգացման նոր փուլը սկսվում է 1915 թ․Հայոց ցեղասպանությունից հետո։ Հաջորդող շրջանում սկսվում է հայ համայնքների ինստիտուցիոնալացման, հայ փախստականների քաղաքացի դառնալու, ինչպես նաև արաբական հասարակություններում հայերի ինտեգրման գործընթացը։

Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության ստեղծումից հետո հայկական կողմը ոչ պաշտոնական և պաշտոնական հանդիպումների ժամանակ հիմնականում շեշտում էր, որ հայ-արաբական բարեկամության հարցում կարևոր նշանակություն ունեցավ Հայոց ցեղասպանությունից հետո հայերին ցույց տրված արաբական օգնությունը, որի համար, ինչպես նշվում էր, հայերը երախտապարտ են արաբներին։ Իր հերթին, արաբական կողմը նշում էր, որ հայերը արաբական երկրների արժանավոր և օրինապահ քաղաքացիներն են, որոնք Հայոց ցեղասպանությունից հետո կարողացան, արդեն որպես քաղաքացի, իրենց նպաստը բերել արաբական երկրների մշակութային, սոցիալ-տնտեսական, առողջապահական և հասարակական կյանքի զարգացմանը։

Հատկանշական է սակայն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Մերձավոր Արևելքի արաբական երկրները, ընդհանուր առմամբ, մաս չկազմեցին։ Բացառություն է կազմում 2000թ. Լիբանանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձևը։ Իրականում, հայերի ողբերգության առաջին ականատեսները հենց արաբական՝ սիրիական, իրաքյան, հորդանանյան, եգիպտական, լիբանանյան հասարակություններն էին։ Հայաստանում երբեք սակայն ցավագին չի ընդունվել այն հանգամանքը, որ արաբական երկրները չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հաշվի առնելով, որ նախկին Օսմանյան կայսրության և ընդհանրապես օսմանյան ինքնության մաս կազմած արաբական պետությունները չեն ցանկանա և չեն կարող վատացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։

Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական քարոզչությունը արաբական երկրներում։ Իսլամական համագործակցություն կազմակերպությունը՝ հօգուտ Ադրբեջանի Հանրապետության  

ԽՍՀՄ փլուզումից հետո մուսուլմանական Ադրբեջանն անդամակցեց Իսլամական կոնֆերանսին (ներկայում՝ Իսլամական համագործակցության կազմակերպություն)՝ միջազգային ամենամեծ ու միակ իսլամական կրոնա-քաղաքական կազմակերպությանը, որի հիմքում ընկած է միջազգային իսլամական համերաշխության գաղափարը։ Արդեն 1993թ. ի վեր, երբ հայկական պաշտպանական ուժերը Արցախի շուրջ ստեղծեցին անվտանգության գոտի, Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ օրակարգ մտցրեց Հայաստանի «օկուպացիայի» հարցը։ Այդ շրջանից ի վեր կազմակերպությունը դատապարտում է Հայաստանը՝ որպես «ցեղասպան պետություն», ընդունել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությունը», իսկ ԻՀԿ անդամ-պետությունները միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, պաշտպանում են Ադրբեջանի ազգային հետաքրքրությունները։ Ադրբեջանն այս կազմակերպության մեջ ունի նախ՝ Թուրքիայի, ապա՝ Պակիստանի, Բանգլադեշի և Սաուդյան Արաբիայի աջակցությունը և համարվում է կառույցի ամենաակտիվ անդամներից մեկը։ Օգտագործելով իր տնտեսական հնարավորությունները, նաև մուսուլմանական քաղաքակրթությանը մաս կազմելու հանգամանքը, Ադրբեջանն օրեցօր ընդլայնում է իր քարոզչության աշխարհագրությունն ու քաղաքական ազդեցությունը արաբական աշխարհում՝ առաջ անցնելով Հայաստանից։  

 Արաբական պետությունների լիգան և Հայաստանի Հանրապետությունը 

2004-2008 թթ կարևոր նշանակություն ունեցան Հայաստանի և արաբական աշխարհի համագործակցության համար։ 2001 թ․ Արաբական պետությունների լիգայում /ԱՊԼ/ որպես գլխավոր քարտուղար Ամր Մուսայի նշանակումից հետո ԱՊԼ-ն սկսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել արաբական աշխարհից դուրս գործող աշխարհաքաղաքական այլ կենտրոններին։ Օգտվելով առիթից՝ Եգիպտոսում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանի, ակտիվացրեց աշխատանքները ԱՊԼ-ի հետ համագործակցությունը իրավական դաշտում ամրագրելու համար։ 2005 թ․ հունվարին ՀՀ-ի և ԱՊԼ-ի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց։ Ըստ այդմ՝ Եգիպտոսում հավատարմագրված ՀՀ դիվանագետները հնարավորություն էին ստանում մասնակցել ԱՊԼ-ում տեղի ունեցող գագաթաժողովների բացման հանդիսավոր արարողություններին, կազմակերպվող մամուլի ասուլիսներին, քաղաքական և տարբեր այլ հարցերի վերաբերյալ քննարկումներին: ՀՀ դեսպանությունը ներգրավվեց ԱՊԼ-ի ղեկավարության և միջազգային այդ կազմակերպությունում հավատարմագրված դեսպանների ու դիվանագիտական կորպուսի ակտիվ շփումների մեջ։ Հայաստան-ԱՊԼ հարաբերությունների զարգացման առումով 2007 թ․ ապրիլին ՀՀ նախագահի այցը Եգիպտոս պատմական եղավ։ ՀՀ նախագահը, որպես ՀՀ բարձրագույն պետական այր, առաջին անգամ այցելեց ԱՊԼ կենտրոնակայան, որտեղ տեղի ունեցավ նրա առանձնազրույցը ԱՊԼ գլխավոր քարտուղարի և կազմակերպության մեջ հավատարմագրված բոլոր 22 արաբ դեսպանների հետ, որտեղ խոսք գնաց արաբական երկրների հետ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտության մասին։ Պատասխան խոսքում Ամր Մուսան շեշտեց․ «Մեզ համար մեծ պատիվ էր Հայաստանի նախագահին հյուրընկալել այստեղ, քանի որ հայերի և արաբների միջև առանձնահատուկ հարաբերությունները պատմականորեն ջերմ են մինչեւ այսօր»։ Պատասխան խոսքով հանդես եկան Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, Եգիպտոսի, Քուվեյթի դեսպանները, որոնք վերահաստատեցին հայ ժողովրդի հանդեպ ունեցած խոր հարգանքը, որը տարածվում է նաև հայկական պետականության վրա։ ԱՊԼ-ում տեղի ունեցած հանդիպումը ուղիղ եթերով հեռարձակվեց արաբական ԶԼՄ-երով։ ՀՀ դեսպանի՝ ԱՊԼ-ում հավատարմագրվելու պահին դեսպանի մակարդակով ներկայացված էին միայն ՌԴ-ն, Չինաստանը, Իտալիան և Մալթան։ ՀՀ-ն դարձավ հինգերորդ երկիրը, որ դիվանագիտական բարձր ներկայացվածություն ունեցավ ԱՊԼ-ում։ Հետագա տարիներին, սակայն, Հայաստանը արդյունավետ կերպով չօգտագործեց Արաբական Պետությունների Լիգայի հնարավորությունները արաբական աշխարհում իր քարոզչությունն առաջ տանելու հարցում։ Մյուս կողից, Մերձավոր Արևելքում արդեն 2011 թ․-ից հետո տեղի ունեցած գլոբալ գործընթացներից հետո ԱՊԼ-ն նույնպես կորցրեց իր առաջնային նշանակությունը տարածաշրջանային բարդ ու կարևոր խնդիրների լուծման հարցում։      

Կորսված հնարավորություններ

Այսօր Հայաստանի Հանրապետության համար լրջագույն խնդիր է արաբական աշխարհում թուրք-ադրբեջանական քարոզչությունը, որը բնականաբար մարտահրավեր է Հայաստանի ազգային անվտանգության շահերին։ Արդբեջանն ակտիվ աշխատում է ոչ միայն Իսլամական համագործակցություն կազմակերպության, այլև՝ արաբական խորհրդարաններում ձգտում է առաջ քաշել մի շարք նախագծեր՝ կապված «Խոջալուի ցեղասպանության», անգամ 1918 թ․հայ-թաթարական բախումների շրջանում այսպես կոչված «ադրբեջանցի ժողովրդի ցեղասպանության» ճանաչման հետ։

Ներկայումս, կան մի քանի արաբական երկրներ, որտեղ հայկական լոբբինգը, ինչպես նաև այդ պետությունների որոշակիորեն լարված հարաբերությունները Թուրքիայի հետ, ստեղծում են էլ ավելի բարենպաստ պայմաններ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու առումով։ Դրանք են՝ հիմնականում Եգիպտոսը, Սիրիան, Արաբական Միացյալ Հանրապետությունը։

Արաբական երկրների հետ Հայաստանը քաղաքական հարցեր չունի: Արաբական երկրների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները կառուցված են փոխադարձ հետաքրքրությունների վրա: Պաղեստինի հարցում Հայաստանը ՄԱԿ-ում պաշտպանում է միջազգային հանրության կողմից ընդունված մոտեցումները, որի հիմքում ընկած է Պաղեստինի անկախ պետության ստեղծման գաղափարը։ Հայաստանը, մասնավորապես, ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում, արաբական մի շարք երկրներում, այդ թվում՝ Իրաքում և Լիբանանում, միջազգային խաղաղապահ առաքելությունների մաս է կազմել։ Հայաստանը արաբական երկրների հետ ունի քաղաքական երկխոսություն, կողմերի միջև ժամանակ առ ժամանակ անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ:

Ակնհայտ է սակայն, որ հայ-արաբական հարաբերությունների արդի մակարդակը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով, բավական ցածր է և չի կարող գոհացուցիչ լինել։ Արաբական երկրների և Հայաստանի Հանրապետության միջև վերջին տարիներին կնքվել են բազմակողմ համագործակցության բազմաթիվ պայմանագրեր՝ ամենատարբեր ոլորտներում։ Սակայն դրանց ընդամենը չնչին մասն է, որ աշխատում է։ Հայաստանի և արաբական երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները, գիտական, գիտատեխնիկական, առևտրային և մշակութային համագործակցության, զբոսաշրջության զարգացման ծավալները շատ փոքր են։ Հայաստանին դեռևս չի հաջողվել կայուն, սերտ ու տևական համագործակցություն հաստատել արաբական երկրների բիզնես, խորհրդարանական, մշակութային, լրագրողական, գիտական, հասարակական, առողջապահական և այլ համայնքների հետ։ Կարելի է ասել, որ Հայաստանը գովազդային առումով ներկայացվածություն չունի արաբական երկրներում, ինչը Հայաստանը լավ չճանաչելու պատճառներից մեկն է։ Չնայած արաբական երկրներում շատ լավ ճանաչում են հայերին, բայց Հայաստանը լավ չեն ճանաչում։

Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Սաուդյան Արաբիայի հետ, որի հարաբերությունները Ադրբեջանի հետ կարելի է ասել գերազանց են։ Պաշտոնական պատճառաբանությունը Արցախի հարցն է։ Սա Հայաստանի դիվանագիտության բացթողումներից է։ Հայաստանը չունի որոշակիորեն լայն ներկայացվածություն նաև արաբական մամուլում։ Բացառություն է կազմում եգիպտական մամուլը, ինչը սերտ կապ ունի հայկական լոբբինգի հետ։ Հայաստանը լայնորեն չի օգտագործում հայկական համայնքների հնարավորությունները իր քարոզչությունը Մերձավոր Արևելքում առաջ տանելու համար։ Այս տարիներին, նաև հայկական սփյուռքի համագործակցությամբ, ճիշտ կլիներ ստեղծել հայկական արաբալեզու հեռուստաընկերություն, ինչը կդառնար լավագույն հարթակներից մեկը արաբական միջավայրում հայկական քարոզչությունն առաջ տանելու հարցում։ Արաբական կողմերի հետ հարաբերություններում, բացի պաշտոնական դիվանագիտությունից, կարևոր են նաև հանրային, խորհրդարանական ու գիտական դիվանագիտությունների նշանակությունը։ Այս հանգամանքը որոշակիորեն կօգներ արաբական աշխարհում չեզոքացնել նաև հայկական հետաքրքրությունների դեմ ուղղված թուրք-ադրբեջանական քարոզչության ոչ շահեկան հետևանքները։ Հայաստանի Հանրապետությունը, որը պատմականորեն և աշխարհաքաղաքական իմաստով Մեծ Մերձավոր Արևելքի մի մասն է, կարիք ունի վերանայելու արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղությունը՝ այն դարձնելով պրո-ակտիվ։ Այս միջոցով Հայաստանը կարող է դուրս գալ այն լճացումից, որն ունի Հարավկովկասյան տարածաշրջանում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am