Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌՏՄԱ-ի 50-ամյակի կապակցությամբ պարգևատրվեցին Տուրիզմի հայկական ինստիտուտի շրջանավարտները և դասախոսները

 ՌՏՄԱ-ի 50-ամյակի կապակցությամբ պարգևատրվեցին Տուրիզմի հայկական 
ինստիտուտի շրջանավարտները և դասախոսները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի (ՌՏՄԱ) մասնաճյուղ համարվող Տուրիզմի հայկական ինստիտուտում հանդիսավորությամբ նշվեց  ակադեմիայի գործունեության 50-ամյակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա էին Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, ՌՏՄԱ  ռեկտոր Եվգենի Տրաֆիմովը, Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը, Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, ինստիտուտի շրջանավարտները, դասախոսներ,  ինչպես նաև տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ: 

Մինասյանը կարևորեց այն փաստը, որ ներկայումս ակադեմիայի մասնաճյուղ համարվող Տուրիզմի հայկական ինստիտուտի շրջանավարտներն աշխատում են Հայաստանի Հանրապետության առաջատար տուրիստական կազմակերպություններում:

«Հպարտ եմ, որ ինստիտուտի շրջանավարտները ներկայումս աշխատում են զբոսաշրջության ոլորտի ընկերություններում և մեծ հաջողությունների են հասել: Այդ ամենին նպաստել են բարձր որակավորում ունեցող դասախոսները: Չլինեին այդ մարդիկ, մեր ինստիտուտը չէր կայանա և մենք չէին կարողանա պատրաստել կադրեր»,- ընդգծեց Մինասյանը:

Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորը նշեց, որ ուսանողները գործնական ուսուցում և պրակտիկա են անցնում Հայաստանի, Ռուսաստանի, Հունաստանի, Կիպրոսի, Թունիսի, Բուլղարիայի, Հունգարիայի, Եգիպտոսի տուրիստական ընկերությունների և հյուրանոցային համալիրներում:

Մինասյանն ասաց, որ կշարունակեն զարգացնել ինստիտուտի կրթական որակը` ներդնել բարձրորակ տուրիստական ծրագրեր, լինել մրցունակ շուկայում, նպաստել շուկայում որակյալ մասնագետների պահանջարկի բավարարմանը, արտասահմանից եկած երիտասարդների համար բարենպաստ և գրավիչ պայմաններ ստեղծել, ինչպես նաև Հայաստանը պատշաճ ներկայացնել աշխարհում և  դարձնել ճանաչված միջազգային հանրության կողմից:

Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորը մեդալներ հանձնեց բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին և զբոսաշրջության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար՝ դասախոսներին:

ՌՏՄԱ ռեկտոր Եվգենի Տրաֆիմովը բարձր գնահատեց ինստիտուտի գործունեությունը և անգնահատելի համարեց այդ աշխատանքում Մինասյանի ներդրումը:

«Զբոսաշրջությունը Հայաստանի ապագան է: Վիճակագրական տվյալներ ներկայացնեմ` աշխարհում միջազգային զբոսաշրջության աճը կազմում է 3.5 տոկոս: Սա ամենադինամիկ զարգացող ոլորտն է, այնպես որ՝ պետք է մեծ ուշադրություն դարձնել այս բնագավառին»,- ասաց Տրաֆիմովը:

Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիան հանդիսանում է միջազգային մակարդակի առաջատար կրթական և գիտական կենտրոն մասնագիտացված զբոսաշրջության ոլորտում: Ակադեմիան ամենաարդյունավետ մասնավոր ուսումնական հաստատություններից մեկն է:

Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ավելի քան 50-ամյա պատմությունը սկսվում է 1969 թվականին զբոսաշրջության և էքսկուրսիաների դասընթացների բացմամբ: Այժմ ավելի քան 55 հազար շրջանավարտներ հաջողությամբ աշխատում են Ռուսաստանում եւ արտասահմանում: Ակադեմիայի երեք ֆակուլտետներում և 6 մասնաճյուղերում ներկայում սովորում է 4 հազար ուսանող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am