Տնտեսություն

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ակցիզային հարկի դրույքաչափը տարեկան 4 տոկոսի փոխարեն 3 տոկոսով բարձրացնելու առաջարկին

2 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ակցիզային հարկի դրույքաչափը տարեկան 4 տոկոսի փոխարեն 3 տոկոսով բարձրացնելու առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ակցիզային հարկի դրույքաչափը նախապես առաջարկվող տարեկան 4 տոկոսի փոխարեն 3 տոկոսով բարձրացնելու առաջարկին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջարկն ընդունվեց հանձնաժողովի հունիսի 17-ի նիստում՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հետ համատեղ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը։

Ավելի վաղ պատգամավորների կողմից առաջարկ էր հնչել վերանայել վառելիքի համար նախատեսվող ակցիզային հարկը:

«Որպես փոխզիջումային տարբերակ, առաջարկում ենք քննարկել 3 տոկոսը, բայց բոլորի համար: Մեզ համար հասկանալի չէ միայն վառելիքի համար բացառություն նախատեսելը: Սա արվում է նրա համար, որ հնարավոր գնաճի պարագայում տարիների ընթացքում ապրանքի գնի կառուցվածքում ակցիզային հարկի մասնաբաժինը շարունակաբար չնվազի: Իսկ թե ինչու եմ ասում, որ, հավանաբար, պատրաստ կլինենք 4-ը փոխարինել 3-ով, այն պատճառով, որ ընդունում ենք, որ եթե հետահայաց նայում ենք նախորդ տարիների դինամիկային, գնաճը միգուցե այնքան բարձր չի արձանագրվել, որ պնդենք 4 տոկոսի առաջարկը»,-ասաց Պողոսյանն ու նշեց, որ կառավարությունն ամենայն հավանականությամբ կհամաձայնի 3 տոկոսի առաջարկին:

Առաջարկը քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն:

Կառավարությունը նախնական տարբերակում առաջարկում էր կիրառել ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափ՝ տարեկան 4 տոկոսով ինդեքսավորելով դրույքաչափերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում