Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս

Նոր հնարավորություններ Հայաստանի ամենաինտենսիվ զարգացող ոլորտին


ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների համար արտոնություններ սահմանող համակարգը պետական աջակցության նոր փոփոխություններով ավելի բարելավվել է: Դրա շնորհիվ ոչ միայն ընդլայնվել է արտոնություններ ստանալու հնարավորություն ունեցող ընկերությունների շրջանակը, այլև չարաշահումներից խուսափելու նպատակով հստակեցվել են այն չափանիշները, որոնք սահմանված են արտոնություններից օգտվելու համար: Համապատասխան օրենսդրական կարգավորումներն արդեն վերջնական հաստատվել են Ազգային ժողովի կողմից, և բարձր տեխնոլոգիաների նախարարության տվյալներով՝ նոր արտոնությունների հնարավորություններով հավաստագրման համար հասցրել են դիմել 15 ընկերություններ:

Հայաստանում ՏՏ ոլորտը որպես գերակա ուղղություն է ճանաչվել դեռ նախորդ տասնամյակի սկզբին, ինչը կարևոր հիմք է դարձել հետագայում որոտային օրենքների ընդունման և հայեցակարգային փոփոխությունների համար։ Ոլորտի զարգացման կարևոր հիմք է ծառայել 2015թ․-ից գործող «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որը սահմանել է պետական աջակցության և արտոնությունների բավական լայն շրջանակ․ մասնավորապես՝ ընդհանուր հարկման համակարգում աշխատող կազմակերպությունների շահութահարկի 20% դրույքաչափի փոխարինում 0%-ով և եկամտային հարկի միջինացված 25%-ի փոխարինում 10%-ով։ Օրենքի ընդունումից հետո տարիների ընթացքում գրանցված կազմակերպությունների թիվը և դրանցում աշխատատեղերի քանակը զգալիորեն աճել է։

Ներկայումս ՏՀՏ ոլորտը համարվում է տնտեսությունում ամենաարագ աճող ճյուղերից մեկը, որը 2018թ.-ին ապահովել է 922,3 միլիոն ԱՄՆ դոլարի շրջանառություն։ ՏՏ ոլորտը 2018թ․-ին 2017թ․-ի համեմատ աճել է 28%-ով, իսկ նախորդ տարվա տվյալներով՝ շուրջ 800 ակտիվ գործող ընկերություններում ներգրավված են եղել 19 հազար 552 մասնագետներ, ինչը 27%-ով գերազանցել է 2017թ․-ի ցուցանիշը։ 2017թ-ին 2014թ․-ի համեմատ ՏՏ ոլորտում ստեղծված և հավաստագրված 16 ընկերության փոխարեն եղել է 273-ը: Ոլորտում աշխատող մասնագետների 74%-ն աշխատել է ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտում, իսկ մնացած տեխնիկական աշխատուժն՝ հեռահաղորդակցության ոլորտում: Մասնագետների արտադրողականությունը մեկ աշխատողի հաշվարկով  կազմել է տարեկան շուրջ 50 հազար 70 ԱՄՆ դոլար։ Եթե համեմատենք այս ոլորտում ստեղծված աշխատատեղերի միջին ամսական աշխատավարձը ՀՀ-ում միջին ամսական՝ շուրջ 170-180 հազար-ի հետ, ապա կնկատենք, որ այն գրեթե 2-3 անգամ գերազանցում է վերջինիս։ Կարող ենք եզրակացնել, որ ոլորտում ստեղծվող ամեն հաջորդ աշխատատեղով ձևավորված աշխատավարձի մակարդակը կարող է նպաստել ՀՀ-ում միջին աշխատավարձի մակարդակի բարձրացմանը և միջին խավի ձևավորմանը։

Հատկանշական է նաև այն, որ 2015-2017թթ. ընթացքում հավաստագրված կազմակերպությունների կողմից պետական բյուջե է մուտքագրվել 611 մլն. դրամի հարկային վճար, ինչը, հավանաբար, այլ կլիներ, եթե օրենքի արդյունքում ստվերի կրճատում և մեծ թվով կազմակերպությունների գրանցում չլիներ։

Չնայած որ «ՏՏ ոլորտին պետական աջակցության մասին» օրենքի ընդունումից հետո ՏՏ ոլորտը գրանցել է բավական դրական արդյունքներ, կարևոր է նաև ոլորտի օրենսդրական կարգավորման շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը: Օրենքի ընդունումը մեծ հնարավորություն է դարձել սկսնակ ընկերությունների գործունեության համար, և վիճակագրական տվյալները ևս վկայում են ստվերի կրճատման մասին, սակայն օրենքում կային բացթողումներ՝ կապված արտոնագրվող սկսնակ կազմակերպությունների պահանջների և չափանիշների հստակեցման, հիմնական միջոցների վաճառքի և տեխնոլոգիաների թարմացման հնարավորության, արտոնագրման ենթական կազմակերպությունների շրջանակի փոփոխության և այլ հարցերի հետ: Այդ ամենի կարգավորման նպատակով կառավարության կողմից մշակվեց և ընթացիկ տարվա ապրիլին ԱԺ կողմից ընդունվեց համապատասխան օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով կատարելագործվել և լրամշակվել են առկա բացթողումները:

Հատկանշական է, որ նախագծով կատարված բարեփոխումներից բացի նախագծի նախնական տարբերակում նախատեսված է եղել դրույթ, ըստ որի՝ արտոնություններից կարող էին օգտվել նաև միջազգային ընկերությունները, որի նպատակն էր խոշոր և հայտնի միջազգային կազմակերպությունների՝ Հայաստան գալու գրավչության բարձրացումը և նոր մշակույթի ձևավորումը: Սակայն մասնագիտական համայնքի և շահառուների հետ քննարկումների արդյունքում, հաշվի առնելով փոփոխության հետևանքով ծագող հնարավոր ռիսկերը, տվյալ դրույթը հանվեց նախագծի վերջնական տարբերակից։

Օրենսդրական նոր լուծումներով նախատեսվում է պետական աջակցության ենթակա գործունեության տեսակները համալրել էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և արտադրություն, համակարգչային անիմացիա և մոդելավորում, ինչպես նաև ինտեգրալային սխեմաների նախագծում և թեստավորում գործունեության տեսակներով, որը ենթադրում է, ըստ էության, օրենքով նախատեսված արտոնություններից օգտվող կազմակերպությունների շրջանակի ընդլայնման ևս մեկ քայլ:

Օրենքի փոփոխությամբ՝ ՏՏ ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր համարվում են ՀՀ այն ռեզիդենտ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնց գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության  առնվազն 70%-ը ձևավորվել է օրենքով նախատեսված գործունեության տեսակներից: Փոփոխությունը նախատեսում է հիմնական միջոցների վաճառքի և տեխնոլոգիաների թարմացման հնարավորության չափ՝ սահմանելով հիմնական միջոցների առնվազն 70%-ի չափով շրջանառության անհրաժեշտություն, որին չհամապատասխանելու դեպքում նախկին պայմաններով ընկերությունը զրկվում էր հավաստագրից։

Փոփոխության արդյունքում ընդլայնվել է ՏՏ ոլորտի հավաստագրման համար դիմողներին ներկայացվող պահանջների և չափանիշներ ցանկը: Հստակեցվել է, որ հավաստագրման համար դիմող տնտեսավարող սուբյեկտները չեն կարող հանդիսանալ ՏՏ ոլորտի լուծարված ընկերության բաժնետեր, գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր, հավաստագրված այլ ընկերության բաժնետեր կամ մասնակից, ինչպես նաև ներդրվել են մի շարք այլ սահմանափակումներ: Տվյալ փոփոխության արդյունքում կբացառվեն այն դեպքերը, երբ հին ընկերությունները որպես նոր ընկերություն գրանցվելու միջոցով փորձում էին խուսափել հարկերից, կամ արդեն գործող ընկերությունների վերակազմակերպման արդյունքում օգտվում էին օրենքով նախատեսված բավական մեծ արտոնություններից:

Կարևոր է նաև նկատել, որ տվյալ փոփոխությունները չեն տարածվում նախկինում հավաստագրված ընկերությունների վրա, և մինչև 2018 թվականի փետրվարի 1-ը տրամադրված հավաստագրերը գործելու են դրանց տրամադրման օրվանից 5 տարի ժամկետով:

«ՏՏ ոլորտին պետական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը լավ օրինակ է նախկինում ձևավորված դրական փոփոխությունների շարունակականության ապահովման, ավելի կատարելագործման, մասնավոր և պետական հատվածի միջև առողջ և կառուցողական որոշումների կայացման տեսանկյունից: ՏՏ ոլորտում կայացված ցանկացած նմանատիպ փոփոխություն, որը կարող է նպաստել ոլորտի ակտիվացմանն ու նոր ընկերությունների ձևավորմանը, ինչը տեսանելի է նաև վիճակագրական ցուցանիշների համեմատության արդյունքում, լավ օրինակ է բարեփոխումների համատեքստում արտոնությունների տրամադրման տեսանկյունից:

Անի Հունանյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ