Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արփի Մաղաքյանի անդրանիկ՝ «Երևանյան հեքիաթներ» գրքի առանցքում Երևանն է իր ողջ հմայքով

Արփի Մաղաքյանի անդրանիկ՝ «Երևանյան հեքիաթներ» գրքի առանցքում Երևանն է իր 
ողջ հմայքով

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրականության և հեքիաթայինի գեղեցիկ համադրություն. լույս է տեսել բեմադրիչ, լրագրող Արփի Մաղաքյանի անդրանիկ՝ «Երևանյան հեքիաթներ» գիրքը: Գրքի առանցքում Երևանն է՝ իր ինքնատիպ պատմություններով ու հերոսներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 1-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:

«12 տարի առաջ ծագեց նման գիրք գրելու միտքը: Աշխատում էի հեռուստատեսությունում և «Հին ու նոր քաղաք» խորագրով հաղորդաշար էի անում Երևանի մասին: Օրեր էի անցկացնում Ազգային արխիվի պահոցներում, տարբեր մասնագետների՝ հնագետների, պատմաբանների հետ էի զրուցում, քաղաքի ամենահին բնակիչների հետ էի ծանոթանում, գրքեր էի կարդում Երևանի մասին: Մի խոսքով՝ Երևանի մասին ամենահետաքրքիր բաներն էի պեղում: Եվ ահա այս ամենի մի մասն այսօր վերածվել է հեքիաթների սիրուն գրքի»,-մեզ հետ զրույցում պատմում է Արփի Մաղաքյանը:

Նրա խոսքով՝ գրքում ընդամենը 8 հեքիաթ կա, բայց իր պեղած նյութը կբավականացներ ավելի շատ հեքիաթների: «Ուզում եմ հասկանալ, թե կարդացողն ինչ արձագանք կտա: 2000 օրինակ տպաքանակով եմ հրատարակել: Ուղիղ երեք տարի աշխատել եմ հեքիաթները ստեղծելու, նկարչի, խմբագրի հետ գիրքն իրականություն դարձնելու համար: Մեր աշխատանքի հիմքում մեծ սերն է եղել և հավատը արվող գործի նկատմամբ։ Հուսով ենք՝ այս գիրքը օրվա կյանք չի ունենա և կապրի շատ երկար։ Պետք է նշեմ, որ իմ գրքի խմբագիրն է իմ սիրելի դասախոս, բացառիկ լեզվաբան Լևոն Գալստյանը, նկարիչը՝ Արարատ Մինասյանն է, ձևավորողը՝ Էդիկ Պողոսյանը: Երեքն էլ լավագույն մասնագետներն են իրենց գործում: Շատ լավ թիմ եմ հավաքել»,-ընդգծում է հեղինակը:

Արփի Մաղաքյանի փոխանցմամբ` Լեզվի տեսչության նախկին պետ Լևոն Գալստյանն ասել է, որ ճիշտ կլիներ, որ «Երևանյան հեքիաթներ» գիրքը ներառվեր դպրոցական օժանդակ ընթերցանության ցանկում։

Երևակայությունն և պատմությունը գրքում միահյուսվում են իրար, ինչն ավելի ցայտուն է դառնում գրքի գունեղ պատկերազարդումների շնորհիվ։ «Տարիներ առաջ լույս էր տեսել Հովհաննես Թումանյանի հեքիաթներով լավորակ մի գիրք. շատերը կհիշեն այն։ Մեր սերնդի ամենասիրելի գիրքն էր: «Երևանյան հեքիաթներ»-ում  փորձել ենք նույն տառատեսակը ստանալ, վերնագրերում էլ մի տառն առանձնանում է գույնով, ճիշտ այնպես ինչպես այդ գրքում էր: Ընտրել ենք հեշտ կարդացվող տառատեսակ, կավճապատ թղթի ընտիր որակ, բարձրորակ կազմ, գրքի հետաքրքիր ու հարմար չափս: Այս ամենը թանկ արժե, բայց որոշեցինք, որ մեր գիրքը կարդալը, ձեռքում բռնելը՝  ընթերցողին պետք է հաճույք պատճառի»,-ասում է հեքիաթագիրը։

«Երևանյան հեքիաթները» հեղինակի առաջին գիրքն է։ Արփին ասում է, որ ուրախ ու հպարտ է կատարած աշխատանքով. «Նոր գաղափար ունեմ. ուզում եմ այս ամառ գնալ Արցախ և այնտեղից բերել արցախյան հեքիաթներ: Ճանաչում եմ երեխաների, որոնց հորեղբայրները, պապիկները մահացել են արցախյան պատերազմում։ Իսկ այդ երեխաներն Արցախում չեն էլ եղել, Արցախի մասին պատկերացում չունեն: Վստահ եմ՝ այդ երեխաներին պետք է պատմել Արցախի մասին:  Պետք է բոլո՛ր երեխաներին պատմել այն հոյակապ բաների մասին, որ ունի Արցախը, և ոչ թե ներկայացնել միայն պատերազմի դառնությունը»։  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am