Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս

Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի խորհրդատուներն այցելել են ՊԵԿ


ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում մայիսի 13-17-ը Երևանում իրականացված դիագնոստիկ առաքելության ընթացքում ՀՄԿ փորձագետներ՝ ԱՄՆ մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Դեվիդ Քինգը և Նիդերլանդների մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Պիտեր Վիլեմսն այցելել են Պետական եկամուտների կոմիտե: Վերջիններս տեղում ծանոթացել են առևտրի դյուրացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված ՊԵԿ-ի ծրագրերին: Փորձագետներին են ներկայացվել նաև կոմիտեի տեղեկատվական համակարգերի մշտադիտարկման սկզբունքները, ինչպես նաև՝ միջազգային չափանիշներին համապատասխանող սերվերային կենտրոնն ու ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան պորտալում գործող համակարգերը:

«Մերկատոր» ծրագիրն ուղղված է Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրի դրույթների իրականացմանը, իսկ դիագնոստիկ առաքելության արդյունքում կուղենշվեն այդ ուղղությամբ իրականացվելիք հետագա քայլերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՄԿ փորձագետները տպավորվել են վերջին 10 տարվա ընթացքում ՊԵԿ-ում տեղի ունեցած առաջընթացից: «Առևտրի դյուրացման համաձայնագրի բազմաթիվ պահանջներ արդեն կատարվել են, ինչը զարմացրել է մեզ: Բիզնես հանրության հետ առավել թափանցիկ աշխատելու համար կարևորվում է սահմանային մյուս գործընկերների ներգրավվածությունը, ինչը Հայաստանին կրկին հաջողվել է: Կարծում ենք, որ ուսումնասիրությունների արդյունքում մեր առաջարկությունները հիմք կհանդիսանան անհրաժեշտ գործընթացների ներդրմանը՝ նպաստելով ՀՀ-ում առևտրի դյուրացմանը»,-նշել է Նիդերլանդների մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Պիտեր Վիլեմսը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի խոսքով փորձագետների առաջարկությունները դառնալու են 5-10 տարիների համար ՊԵԿ ռազմավարության անբաժանելի մասը: «Շատ ոգևորված ենք, որ Առևտրի դյուրացման համաձայնագրի գրեթե բոլոր կետերի մասով գործողություններ են արվել, մասնավորպես՝ ռիսկերի կառավարման, էլեկտրոնային համակարգերի, մեկ կանգառ մեկ պատուհանի, միջազգային կառույցների հետ համագործակցության ուղղություններով: Խնդրել ենք փորձագետներին առավել մանրամասն վերլուծել ՊԵԿ-ի և ՀՀ այլ գերատեսչությունների համագործակցությունը, որպեսզի առևտրի դյուրացման և ԱՏԳ բարելավմանն ուղղված Հայաստանի կառավարության քայլերն առավել արդյունավետ ընթացք ունենան»,-նշել է Մ. Փաշայանը:

Ի դեպ, ծրագրի շրջանակում կցուցաբերվի տեխնիկական աջակցություն, կիրականցվեն  համաձայնագրով նախատեսված բարեփոխումներ: Նախատեսվում է կրճատել սահմանին մաքսային ձևակերպումների ժամանակահատվածն և ծախսերը, արդյունավետ համագործակցություն հաստատել Պետական եկամուտների կոմիտեի,  սահմանային հսկողություն իրականացնող այլ մարմինների և դոնոր կազմակերպությունների միջև: Ուսումնասիրվելու են նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության գործիքները, նախաձեռնությունները, չափանիշներն ու միջազգային լավագույն փորձը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ