Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հունիս

Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զորակոչից խուսափելու երկու դեպք


ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում, բացահայտել են բժշկական փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու երկու դեպք:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորակոչից խուսափելու նպատակով քաղաքացի Գ.Ա-ն և Վ.Մ-ն ձեռք են բերել իրենց առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող ախտորոշումով եզրակացություններ: Հաստատապես իմանալով, որ դրանք հանդիսանում են կեղծ փաստաթղթեր, ներկայացրել են կենտրոնական բժշկական հանձնաժողովին, ճանաչվել զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում՝ խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից:

Հարցաքննության են հրավիրվել համապատասխան զինկոմիսարիատի, բժշկական հաստատությունների և կենտրոնական բժշկական հանձնաժողովի մի շարք աշխատակիցներ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) և 376-րդ հոդվածի 1-ին մասի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) հատկանիշներով հարուցվել է երկու քրեական գործ, իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ:

Քաղաքացի Գ.Ա-ն կալանավորվել է:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ