Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քոչարյանի գործով դատավորը նպատակահարմար համարեց, որպեսզի Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ներկա լինեն մայիսի 16-ի նիստին

Քոչարյանի գործով դատավորը նպատակահարմար համարեց, որպեսզի Բակո 
Սահակյանը և Արկադի Ղուկասյանը  ներկա լինեն մայիսի 16-ի նիստին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին խնդրեց պայմաններ ապահովել, որպեսզի Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 17-ին օրվա երկրորդ կեսին ներկա լինեն դատական նիստին. Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորագիր են ներկայացրել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հովհաննես Խուդոյանը դատարանին խնդրեց նաև դիտարկել հեռակապի միջոցով Արցախի ներկա և նախկին նախագահների  հետ կապ հաստատելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նրանց կարգավիճակը:

Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը պարզաբանեց, որ  հեռակապի միջոցով  դատարանը հնարավորություն չի ունենա նրանց իրազեկել երաշխավորի պարտավորությունների մասին: «Անձը պետք է դատարանում անպայման ներկա լինի, նրան պետք է ներկայացվեն իր իրավունքներն ու պարտավորությունները, որից հետո նա պետք է վերահաստատի իր ստորագրությամբ: Ինչ վերաբերվում է ժամկետներին, շատ լավ տեղյակ եք, որ կալանքի ժամկետը լրանում է մայիսի 19-ին,  որը կիրակի օր է: Մայիսի 18-ին շաբաթ օր է: Շաբաթ և կիրակի օրերին դատական նիստի կազմակերպումը քիչ հավանական է: Չեմ բացառում, բայց հնարավոր է այնպես լինի, որ հնարավորություն չլինի պարոն Քոչարյանի ներկայությունն ապահովել, բայց պաշտպանական կողմը նաև պետք է հաշվի առնի, որ դատարանը պետք է դատական ակտ կայացնի, իսկ դատական ակտ կայացնելու համար առնվազն մեկ օրից ավել ժամանակ է պետք»,- մանրամասնեց դատավորը:

Դատավորը խնդրեց Արցախի ներկա և նախկին նախագահներին տեղյակ պահել, որ հնարավորության դեպքում մայիսի 16-ին ներկայանան դատական նիստին, որովհետև արդեն մայիսի 17-ին հաջորդում են ոչ աշխատանքային օրեր:

Այնուհետև դատավորն ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից վերադառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, անդրադառնալով դատավորի դիտարկմանը, որ ցանկալի կլինի, որպեսզի Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը մայիսի 16-ի դատական նիստին ներկա լինեն, նշեց, որ իրենք կճշտեն՝ կկարողանա՞ն նախագահները նրանք ներկա լինել մայիսի 16-ի նիստին, թե՞ ոչ:

Մայիսի 14-ի դատական  նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ներկայացրել էր  Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն ասել էր, որ երաշխավորության քննման համար պետք է ապահովել նրանց ներկայությունը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am