Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գլխավոր դատախազն անհանգստացնող է համարում բնակարանային գողությունների թիվը

Գլխավոր դատախազն անհանգստացնող է համարում բնակարանային գողությունների 
թիվը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հանցագործությունների թվում նախորդ տարի անհանգստացնող են եղել բնակարանային գողությունները: Ցուցանիշը շարունակում է անհանգստացնող մնալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց այս տարվա առաջին երեք ամիսներին հանցագործությունների դինամիկայով: Նա նկատեց, որ մասնավորապես ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների գծով որոշակի աճ է արձանագրվել: Գևորգյանը հետաքրքրվեց պատճառներով ու թե թվի աճը որքանով է կապված անցյալ տարի իրականացրած համաներման հետ: 

«Առաջին եռամսյակի տվյալներով որոշակի հանցատեսակներով աճ ունենք: Սակայն դրանք ահագնացող աճ չեն ու բացատրելի են: Նախորդ տարվա ծանր հանցագործությունների աճի հիմնական պատճառը եղել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումը, որոնց ճնշող մեծամասնությունը ոչ թե 2018թ. արձանագրված դեպքեր են եղել, այլ ավելի վաղ տարիներին կատարված, որոնք բացահայտվել են 2018-ին: Այդ թվի մեջ շարունակում է անհանգստացնող մնալ բնակարանային գողությունների աճը: Մտահոգիչ խնդիր է, և մենք ամենշաբաթյա ռեժիմով գործողություններ ենք ձեռնարկում այդ ուղղությամբ»,-ասաց դատախազը:

Նրա խոսքով՝ տարվա արդյունքներով հաջողվել է պատկան բոլոր մարմինների՝ հատկապես տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման մարմինների ուժերը համատեղել այդ աշխատանքներում: Փորձում են կանխարգելիչ միջոցառումներն ակտիվացնել:

Անդրադառնալով հանցագործությունների թվի աճին ու համաներմամբ ազատ արձակվածներին՝ նա նշեց, որ 2019-ի փետրվարի 15-ի դրությամբ համաներումը տարածվել է 4600 մարդու նկատմամբ: Փաստացի քրեակատարողական հիմնարկներից ազատվել են 621 անձինք: «Եթե չեմ սխալվում, 4 ամսվա տվյալներով այդ 621-ից 70-ի կողմից նոր հանցագործությունների կատարելու դեպք արդեն ունեինք: Սա ևս կանխատեսվող արդյունք էր, դրա համար մենք ի սկզբանե մինչ համաներման ակտի կիրառումը կանխարգելիչ միջոցներ ձեռնարկում էինք»,-ասաց Դավթյանը:

Նրա կարծիքով՝ նաև դա է եղել առիթը, որը կրկնահանցագործությունների թիվը 70-ից ավելի չէ: Եվ նրանց համապատասխան հսկողության տիրույթում գտնվելու հանգամանքն է հնարավորություն տվել սրանք բացահայտելու: Դավթյանի կարծիքով՝ այստեղ ավելի խորքային խնդիրներ կան, հատկապես հափշտակությունների հետ կապված: Եվ իրենց ուսումնասիրություններն այս ուղղությամբ շարունակվում են:

«Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման համաձայն՝ նախորդ տարի ծանր հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է կոռուպցիոն բնույթի ծանր հանցագործությունների և բնակարանային գողությունների աճի ցուցանիշով: Բնակարանային գողությունների դեպքերն աճել են 549 դեպքով կամ 61.8%-ով ՝889-ից դառնալով 1438:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am