Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիում կայացավ հայ-ռուսական զորամիավորումների համատեղ շքերթը

Գյումրիում կայացավ հայ-ռուսական զորամիավորումների համատեղ շքերթը

ԳՅՈՒՄՐԻ, 9  ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակին նվիրված Գյումրիում կայացավ զորահանդես, որին մասնակցում էին ՀՀ զինված ուժերի Շիրակի մարզի զորամասերի և ՀՀ ռազմական դաշնակից ՌԴ ԶՈՒ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զորամասերը, սահմանապահ ջոկատը:

Հաղթանակի մարտական դրոշի մուտքն ազդարարեց համատեղ շքերթի մեկնարկը:

Մինչ զորամիավորումների քայլերթը, բոլորին ողջունեց միացյալ խմբավորման հրամանատար  գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը: «74 տարի է անցել այն օրից, ինչ ի  շնորհիվ սովետական  ազգի հերոսական պայքարի հաղթականորեն ավարտվեց պատմության ամենաարյունալի պատերազմը: Այս հաղթանակին սովետական ժողովուրդը հասավ երկար ու ձիգ 4  տարիների ընթացքում, որոնք խլեցին  27  մլն մարդու  կյանք:  Փառք  բոլոր հերոսներին»,- ասաց նա:

Տոնի առթիվ բոլորին ողջունեց նաև ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատար,  գնդապետ Վլադիմիր Ելկանովը: «Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի անունից շնորհավորում եմ Մեծ Հայրենականի վետերաններին՝ նրանց քաջագործության համար, նաեւ խոնարհվում եմ այն մարդկանց շիրիմների առջեւ, ովքեր չզգացին հաղթանակի բերկրանքը»,- նշեց հրամանատարը՝  բոլորին կոչ անելով  1 րոպե  լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի շնորհավորական ուղերձներից և ՀՀ և ՌԴ օրհներգներից հետո հրապարակն առաջինը մտնելու պատիվը Մեծ հայրենականի պատերազմ մեկնածների հանդերձանք հագած  զինվորներինն էր: Հայ-ռուսական զորամիավորումների քայլերթից հետո, հրապարակ մտավ նաև 102-րդ ռազմաբազայի մարտական նշանակության տեխնիկան: Շարասյունը գլխավորում էին ԲՌԴՄ-2 հետախուզադիտական մարտական մեքենաները՝ համալրված կառավարվող հակատանկային ռեակտիվ արկերով: Ցուցադրվեցին նաև ցանկացած պայմաններում արդյունավետ կապ ապահովվող հրամանատարային-կառավարման մեքենաները, ԲՄ-21 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որի նախատիպը հանդիսանում է լեգենդար «Կատյուշան», ինչպես նաև ՄՏ-12 հակատանկային հրետանային ստորաբաժանումները:

Շքերթի ներկաներին իրենց հմտություններով ու պատրաստականությամբ ուրախացրեցին նաև ՀՀ ԶՈՒ հատուկ ջոկատի զինվորները: Հայրենական Մեծ պատերազմի 74 ամյակին նվիրված տոնական շքերթը եզրափակեց անմահ-գունդը՝  գյումրեցիները կրում էին պատերազմում զոհված իրենց հարազատների նկարները:

Մայիսյան հաղթանակների առթիվ այսօր բազմամարդ էր նաև Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը: Գյումրու «Վարդանանց» հրապարակում կայացած հայ-ռուսական զորամիավորումների համատեղ շքերթից հետո, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, զինվորականները եղան «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում, հարգելով Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակը՝ ծաղկեպսակ դրեցին«Անմար կրակ»-ի մոտ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am