Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ շախմատիստները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին և Հայկ Մարությանին

Հայ շախմատիստները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին և Հայկ Մարությանին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի ներկայացուցիչները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բաց նամակում շախմատիստներն անդրադարձել են Ռաֆայել Վահանյանի անվան դպրոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին, որտեղ Վահանյանը չի կարող առաջադրվել տարիքի պատճառով: Բաց նամակում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ պարոն Փաշինյան,

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ «Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար: Ներկայումս դպրոցի տնօրեն է հանդիսանում Երևանի պատվավոր քաղաքացի, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, ում անունով էլ կոչվում է դպրոցը: Ռաֆայել Վահանյանը համարվում է հայկական շախմատի կենդանի լեգենդ, նա  ԽՍՀՄ հավաքականի կազմում 1984 և 1986 թվականների համաշխարհային շախմատի օլիմպիադաների, 1985 և 1989 թվականների աշխարհի թիմային առաջնությունների, 1980, 1983 և 1989 թվականների Եվրոպայի թիմային առաջնությունների չեմպիոն է: Ռաֆայել Վահանյանը մեծ ավանդ ունի Հայաստանում շախմատի զարգացման և հանրահռչակման գործում: Հանդիսանալով իր անունը կրող դպրոցի տնօրենը՝ շարունակում է անգնահատելի ծառայություն մատուցել հայկական շախմատին: Ռաֆայել Վահանյանը մեծ հեղինակություն է վայելում շախմատային աշխարհում, դեռևս 2008 թվականին աշխարհի չեմպիոն Բորիս Սպասկու և Ռումինիայի ԱԺ նախագահի նախաձեռնությամբ  Բուխարեստ քաղաքում հիմնադրվել է Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի ակադեմիան: Ռաֆայել Վահանյանը արժանացել է մի շարք պետական պարգևների՝ 1985 թվականին «Աշխատանքային արիության համար», 2001 թվականին «Մովսես Խորենացու» մեդալով, 2011 թվականի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Միակ հայ շախմատիստն է, ով արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման: Առաջին հայ շախմատիստն է, ում շնորհվել է միջազգային գրոսմայստերի կոչում:

Գրոսմայստերների համար մեծ անակնկալ էր նման մրցույթի անցկացումը:
Ամբողջ շախմատային ընտանիքի և նրա շուրջը կանգնած մարդկանց կարծիքով, նման մրցույթի անցկացումը դիտվում է շատ բացասական: Ընդհակառակը, պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ռաֆայել Վահանյանը շարունակի  աշխատել և իր գիտելիքները փոխանցի ապագա սերունդներին: Մեր շախմատային ընտանիքը ուրախ է և շնորհակալ, որ Ռաֆայել Վահանյանը տնօրինում է իր անունը կրող դպրոցը և այդ մրցույթը չպետք է վերաբերվի մեր Լեգենդին, քանի որ նրա ամեն մի խոսքը, ամեն մի բացատրությունը,  նրա ներկայությունը մեծ ներդրում է գալիք սերունդների զարգացման համար»:

Վահանյանը մրցույթին չի կարող մասնակցել, քանի որ 67 տարեկան է: Օրենքով ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 65 տարին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am