Տնտեսություն

Շատ խանութներ հրաժարվում են գնված ապրանքը 2 շաբաթվա ընթացքում հետ վերցնել. պետությունը սահմանում է նոր պարտադիր նորմ

2 րոպեի ընթերցում

 Շատ խանութներ հրաժարվում են գնված ապրանքը 2 շաբաթվա ընթացքում հետ վերցնել. պետությունը սահմանում է նոր պարտադիր նորմ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վաճառողները սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնեն տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելուպայմանների վերաբերյալ: Պետությունը նոր պարտադիր նորմ է սահմանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Ասում են, որ չնայած օրենքի պահանջ է, որ ոչ պարենային ապրանքների վաճառքի դեպքում գնորդը հնարավորություն ունի 2 շաբաթվա ընթացքում վերադարձնել, շատ խանութներ, մանրածախ առևտրի օբյեկտներ մերժում են այդ իրավական նորմի կիրառումը՝ չարաշահելով քաղաքացիների իրազեկվածության պակասը: Եվ առաջարկությամբ օրենքի պարտադիր նորմ ենք դարձնելու, որ յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ պարտավոր է քաղաքացու իրավունքների վերաբերյալ հասկանալի, պարզ մի տեղեկատվական թերթիկով երևացող տեղում հայտարարել, որ պարտավոր է այդ երկու շաբաթվա ընթացքում այդ փոխանակումը և վերադարձը ապահովել, որ դա այլևս չդառնան հայեցողական կամայականության պատճառ»,-ներկայացրեց նախարարը:

Նա նկատեց, որ դա առաջին հայացքից թվացող պարզ, բայց հասունացած և անհրաժեշտ կարգավորում է: Եվ կարծում են, որ շուտով այն ներկայացնելով խորհրդարան, կստանան այնպիսի կարգավորում, որ առօրյայում կպարզեցնի բազմաթիվ քաղաքացիներին կյանքն ու կբարձրացնի նրանց իրավունքների պաշտպանվածության աստիճանը:

Սպառողներին տեսանելի վայրում փակցվող տեղեկատվությունը պետք է ներառի նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում