Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Փրկեալ Ձեռագործք Հայոց» պատկերագիրքը հայկական ասեղնագործության բացառիկ նմուշների հանրահռչակման նպատակ ունի

 «Փրկեալ Ձեռագործք Հայոց» պատկերագիրքը հայկական ասեղնագործության բացառիկ 
նմուշների հանրահռչակման նպատակ ունի

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արվեստի ժառանգությունն ամենօրյա խնամքի, հոգատարության եւ հանրահռչակման կարիք ունի։ Այս գիտակցումն ու հայի պատասխանատվության զգացումն է առիթ դարձել «Փրկեալ Ձեռագործք Հայոց» պատկերագրքի ստեղծման համար, որի շնորհանդեսը կայացավ Հայաստանի ազգային պատկերասրահում:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատկերագրքում ներառված է իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի հնագույն հայկական ձեռագործի անձնական հավաքածուն` ավելի քան 50 նմուշից բաղկացած, որը ձեռք է բերվել տարբեր աճուրդներից եւ արտերկրի մասնավոր վաճառողներից: «Անընդհատ հետաձգում էի գրքի հրատարակումը, քանի որ պարբերաբար նոր նմուշներ էի ձեռք բերում եւ ցանկանում էի անպայման դրանք եւս ներառել գրքում։ Այնուամենայնիվ, մի պահի կանգ առնել էր պետք»,- նշեց Նարեկ Վան Աշուղաթոյանը։

Հավաքորդի խոսքով` հետաքրքրությունը հայկական ժողովրդական եւ կիրառական արվեստի` մասնավորապես ասեղնագործության նկատմամբ, սկսվել է ընտանիքից։ Նարեկը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, հավաքորդ Հովհաննես Շարամբեյանի թոռն է։ «Մի քանի տարի առաջ բախտի բերմամբ տանը նկատեցի ձեռագործի մի քանի պատառիկներ, որոնք պապիս միջոցով փոխանցվել էր եւ մնացել մեր տանը։ Սկսեցի ուսումնասիրել եւ միանգամից հարց առաջացավ` եթե այս պատառիկները հայ գաղթականների բերածն են, ինչն է նրանց ստիպել ծայրահեղ ծանր իրավիճակում փրկել այդ նմուշները։ Այդ հարցի շուրջ երկար եմ խորհել։ Սա բացառիկ երեւույթ է եւ մեր ազգին բնորոշ առանձնահատկություն»,- նշեց Նարեկ Վան Աշուղաթոյանը` հավելելով, որ պատմական այդ փաստը որոշակի ուղերձ եւ առաքելություն է իր մեջ պարունակում։ 

Հավաքորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ վերնագիրն արդեն իսկ  հուշում է, որ խոսքն այն նմուշների մասին է, որոնք փրկված են։ Նա չափազանց կարեւորեց այսպիսի աշխատությունների հրատարակման անհրաժեշտությունը, քանի որ միջազգային հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն հասցնելու անհրաժեշտություն կա։ 

Ազգագրագետ, նկարիչ Հրազդան Թոքմաջյանն իր խոսքում նշեց, որ հայկական իրականության մեջ նկատել է մի երեւույթ, երբ մի խնդիր է առաջանում` օրինակ լավաշի հարցն է ասպարեզ իջնում կամ թառի, քոչարի պարի, հայ հանրությունը սկսում է միայն այդ ընթացքում մոբիլիզացվել, լարվել։ «Սա իհարկե դրական երեւույթ է, սակայն նաեւ համոզված եմ, որ սրա մեջ կա նաեւ բացասական կողմ։ Այդպիսով ստացվում է, որ մեզ մեր հակառակորդներն են օրակարգ թելադրում եւ իրենք են որոշում, թե մենք ինչով պետք է զբաղվենք։ Այս գրքի օրինակը ցույց է տալիս, որ մենք ունենք մեր ներքին օրակարգը, եւ այս առիթով Նարեկի գործունեության նշանակությունը բազմապատկվում է»,- ասաց նա` հավելելով, որ շատ կցանկանար, որ նոր Նարեկներ գտնվեին, քանի որ մեր մշակույթը դրա կարիքն իսկապես ունի։

Երկլեզու պատկերագրքի հրատարակումը նպատակ ունի հայկական կորցրած արժեքները վերադարձնել հայությանը եւ արդեն հրատարակված գիրքն առաքել աշխարհի կարեւոր թանգարաններին, աճուրդի տներին եւ համալսարաններին:

Գրքի հրատարակումը հայկական ձեռագործները հանրայնացնելու առաջին քայլն է։ Հաջորդ քայլն այդ աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպումն է դառնալու։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am