Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Ֆրանսիան պետական մակարդակով ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ֆրանսիան պետական մակարդակով ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության տարելիցն առաջին անգամ ոգեկոչվել է իբրև հիշատակի պետական օր՝ համապատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայի պաշտոնական օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ներառելու հրամանագրի: Այս համատեքստում, Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները Ֆրանսիայում անցկացվել են առավել լայնամասշտաբ կերպով: Նախագահ Մակրոնը գրառում է կատարե «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ նշելով. «Այսօր, ապրիլի 24-ին, մենք պաշտոնապես հիշատակում ենք Հայոց ցեղասպանությունը, հիշելու, որ մարդն ընդունակ է վատագույնին, եթե մոռանում է թե ինչն է կապում իրեն իր մերձավորի հետ և որպեսզի հետևողական լինենք, որ պատմությունը չկրկնի իր սխալները»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Փարիզում հիշատակի միջոցառումները մեկնարկել են ապրիլի 23-ին՝ Հաղթական կամարի ներքո Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին հարգանքի տուրքի մատուցման զինվորական արարողությամբ: «Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության կազմակերպմամբ տեղի ունեցավ բազմամարդ քայլերթ՝ հատուկ այդ կապակցությամբ մասնակիորեն փակված Ելիսեյան դաշտեր կենտրոնական պողոտայով, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը: Շուրջ երեք տասնյակ ծաղկեպսակներ տեղադրվեցին Ֆրանսիայի տարբեր քաղաքների, մարզերի, խորհրդարանական բարեկամության խմբերի, ինչպես նաև՝ հրեական, հունական, ասորա-քալդեական համայնքների ղեկավարների կողմից։ Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ Հաղթական կամարի հավերժական կրակի բորբոքման հանդիսավոր արարողությունը:

Ապրիլի 24-ի առավոտյան Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Իդալգոյի անունից տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին: Ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Փարիզի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:

Ապրիլի 24-ին Փարիզի Երևանյան պուրակի հարևանությամբ՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Կոմիտասի արձանի մոտ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպմամբ կայացավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաք, որին ներկա գտնվեց և ընդարձակ ելույթով հանդես եկավ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը:

Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները, Գյուղատնտեսության նախարար Դիդիե Գիյոմը, կրթության և երիտասարդության հարցերով պետքարտուղար Գաբրիել Ատալը, օտարերկրյա դեսպաններ, Ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ:

Իր ելույթում վարչապետ Ֆիլիպը նշեց. «Հարգանքի տուրք մատուցելով հայոց ցեղասպանության զոհերին Ֆրանսիան հավատարիմ է ինքն իրեն, հավատարիմ իր արժեքներին, և իր համար պատիվ է դա ընդունելը: Ֆրանսիայի վրա չի կարող ազդել որևէ ճնշում կամ սուտ: Այն ինչ մենք փնտրում ենք՝ պատմական ճշգրտությունը և հաշտեցումն է»:

Հավաքի պաշտոնական մասի ավարտից հետո հազարավոր մասնակիցները Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցության կոչերով քայլերթ անցկացրեցին Ելիսեյան դաշտեր պողոտայով:

Ապրիլի 22-ին Փարիզի Լիբանանի Աստվածամոր տաճարում մատուցվել էր Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Այդ ամենամյա պատարագը նախատեսված էր անցկացնել Փարիզի Աստվածամոր տաճարում, որը սակայն տեղափոխվեց ապրիլի 15-ին տեղի ունեցած հրդեհի պատճառով:

Ապրիլի 24-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Ֆրանսահայ կառույցների կոչով՝ ոգեկոչման բազմամարդ միջոցառումներ տեղի ունեցան Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում` Ֆրանսիայի պետական և տեղական մարմինների և ՀՀ դեսպանության մասնակցությամբ:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունները Ֆրանսիայում կշարունակվեն առաջիկա շաբաթների ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]