Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Պարզապես չէր սիրում շատ երեւալ, բայց գործն էր երեւում. գործընկերները՝ Տիգրան Ֆարմանյանի մասին


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Ֆարմանյանի աշխատասենյակի դուռն այդպես էլ փակ մնաց…  Վաստակավոր լրագրողը եւ վաստակաշատ խմբագիրը գրիչը վայր դրեց վաղաժամ ու ոչ կամովի: Լրագրողական հանրույթը կորցրեց արհեստավարժ գրծընկերոջը« «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագրին:

Տիգրան Ֆարմանյանի հոգեհանգիստն ապրիլի 25-ին էր՝ Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում: Հոգեհանգստի արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երկարամյա խմբագիր էր եւ դրանով ամեն ինչ ասված է: Մի քանի անգամ առիթ ունեցել եմ անձամբ շփվելու: Եվ եկել եմ հարգանքիս տուրքը մատուցելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը:

«Տիգրանի հետ երկար աշխատել ենք, երբ թերթը սկսեց գործել: Հետո, տարիներ անց, ես այլ աշխատանքի անցա, Տիգրանը փոխարինեց ինձ: Հրաշալի գրիչ ուներ: Տիգրանը մեր ամենալավ գրիչ ունեցողներից էր: Եվ լավ ընկեր էր: Որոշ ժամանակ գնաց «02» շաբաթաթերթ: Բայց մեր կապը չկտրվեց, միշտ կար: Մենք մեծ կորուստ ունեցանք՝ լրագրողական աշխարհը, ընկերները: Մեծ ընկեր կորցրինք»,-«Հայաստանի Հանրապետության» նախկին խմբագիր Աշոտ Աղաբաբյանի խոսքերն են:

«Վերջերս մի տասն անգամ զանգ տվեցի: Հեռախոսին չպատասխանեց: Ուզում էի գիրքս նվիրել իրեն՝ նոր էր լույս տեսել: Խմբագրությունից էլ ասում էին՝ քաղաքից բացակայում է: Չգիտեի, որ հիվանդ է, ընկերներից ոչ ոք չգիտեր»,-պատմեց  գրող« հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

Ասում է՝ այսօրվա պես է հիշում Ֆարմանյանի հետ անցկացրած վերջին հրաշալի օրը. «Հիմա մեջս «զրնգում» է այդ օրը՝ Դիլիջանում:

Բացառիկ լուսավոր մի մարդ, համեստ, զուսպ, երբեք իրեն չցուցադրող: Պետական թերթն իր տրամաբանությունն ունի, եւ այդ իրավիճակում իրեն հաջողվում էր հետաքրքիր թերթ տպել: Խորապես ցավում եմ: Մի քիչ էլ խոսեմ, լաց կլինեմ…»:

«Լուրն առավոտյան լսեցի: Ինձ համար շատ ցավալի է: Տիգրանին գիտեմ ուսանողական տարիներից, ու այդ տարիներից իր սկզբունքայնությամբ, ասելիքով, մտածողությամբ, բարությամբ, մարդուն օգտակար լինելու առանձնահատկություններովԻնչպես համալսարանում էր, այդպես էլ խմբագիր եղած ժամանակ էր: Մի անհատականություն էր, որը չէր երեւում, չէր սիրում երեւալ: Համեստության էտալոն էր: Տիգրանի կորուստը ժուռնալիստիկայում մեծ կորուստ է: Բայց Տիգրանի կերպարը բոլորիս մեջ մնալու է: Սա հերթապահ նախադասություն չէ: Սա ճշմարտություն է»,-հավատացնում է կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը:

Լրագրող, պրոֆեսոր Սերգո Երիցյանի խոսքերով եւս նրա կարիքը զգալու ենք: Ասում է՝ Ֆարմանյանը լրագրության նվիրյալ էրՆա ոչ միայն տեղեկատվական հոսքն էր ներկայացնում, այլեւ վերլուծականություն, այն, ինչ շատ կարեւոր է լրագրողի համար: Ընթերցողը «Հայաստանի Հանրապետության» տարբեր էջերում անպայման գտնում էր վերլուծական նյութեր, որոնցում հետաքրքիր հարցադրումներ, ուղերձներ կային: Կային նյութեր, որոնցում ցույց էին տրվում անհրաժեշտ փոփոխություններն ու զարգացումները: Այն, ինչ մենք այսօր շատ դեպքերում լրագրության մեջ կորցնում ենք՝ ընկնելով տեղեկատվական հոսքի բազմազանության մեջ, նա կարողանում էր  իր խմբագրած թերթում պահպանել: Նա կարողացավ թերթին ոգի եւ էություն տալ, որքան էլ այն պաշտոնական էր: Տիգրանը թերթում զարգացրեց լրագրության հատկությունները»:

«Կենսուրախ էր եւ դեռեւս օգտակար կարող էր լինել ե՜ւ իր մասնագիտությանը, ե՜ւ իր ընտանիքին, բարեկամներին: Սա մեծ կորուստ է մեզ համար»,-նշեց «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր« տնօրեն Հովհաննես Այվազյանը:

Թամարա Մուրադյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ