Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Եվրոպայի խորհուրդը պետք է աշխատի ցանկացած պետության հետ՝ անկախ քաղաքական կարգավիճակից


ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմը շարունակում է հետևողականորեն առաջ տանել մի շարք կարևոր թեզեր՝ դրանք փորձելով հնարավորինս ընկալելի դարձնել միջազգային հանրության համար: ԵԽԽՎ վերջին նստաշրջանի իր ելույթում ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այդ կարևոր թեզերին՝ հավասարապես գերակա դիտարկելով Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի մարդկանց հիմնարար իրավունքները՝ անկախ հակամարտության կողմ հանդիսացող պետությունների քաղաքական կարգավիճակից:

Վարչապետի ելույթում հստակ ընդգծված էր Արցախի սուբյեկտայնությունը: Նա Արցախը ներկայացրեց ոչ թե որպես հակամարտության գոտի, այլ  պետություն, որն ունի իր զարգացող ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական  ինստիտուտները: Ուստի, կարևոր էր Եվրոպայի խորհրդին և եվրոպական մյուս կազմակերպություններին ուղղված կոչն՝ աջակցել Արցախի ժողովրդին՝ գերակա դիտարկելով մարդու շահը քաղաքական որևէ շահից: Այս համատեքստում առանձնակի ուշադրության էր արժանի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հայտարարությունն առ այն, որ մարդու իրավունքների հանձնակատարը  պետք է  մանդատ և իրավունք ունենա աշխատելու «գորշ գոտիներում»: Սա խոսում է այն մասին  որ հայկական կողմերի այս  թեզն ընկալելի է միջազգային գործընկերների համար և առկա է որոշակի հետաքրքրություն:

Մյուս կողմից կարևոր է միջազգային ընկալումներում ամրապնդել այն գիտակցումը, որ տարբեր կառույցներ պետք է մեկընդմիշտ հրաժարվեն տարբեր հակամարտությունները համահարթեցնելու իրենց փորձերից, որոնք կարող են մարդկային կյանքեր արժենալ: Այս առումով կարևոր էին զուգահեռները 2016 թվականի հունվարին ԵԽԽՎ-ում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ներկայացված զեկույցների և նույն թվականին տեղի ունեցած ապրիլյան բախումների միջև՝ որպես պատճառահետևանքային զարգացումներ:  Այս համատեքստում հայկական կողմը ևս մեկ անգամ ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը՝ որպես խնդրի բոլոր դետալներին տիրապետող և խնդրով զբաղվող միակ կոմպետենտ միջազգային ձևաչափ:

Կարևոր էին նաև ատելության խոսքի բացառման և հանրություններին խաղաղության պատրաստելու կոչերը, և այս ուղղությամբ արված շեշտադրումն առ այն, որ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով արդեն իսկ հանդես է եկել խաղաղության կոչերով՝ ցուցաբերելով կառուցողականություն, և այսօր «գնդակն» Ադրբեջանի դաշտում է: Եվ իսկապես, հնարավոր չէ պատկերացնել, որ հակամարտության կողմերից որևէ մեկը կարող է լուրջ առաջընթաց գրանցել իր հանրությանը խաղաղության պատրաստելու հարցում, երբ մյուս կողմը հակառակն է անում՝ ատելություն և ռազմատենչ հայտարարություններ տարածելով:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ հակամարտությունների կարգավորման հարցում հայկական կողմերի մոտեցումը՝ գերակա դիտարկել մարդու իրավունքները քաղաքական որևէ շահից, ըստ էության, նախևառաջ բխում է և պետք է բխի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այնպիսի կառույցների շահերից, ինչպիսին հանդիսանում է հենց նույն Եվրոպայի խորհուրդը:

Լիանա Հովհաննիսյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ