Պաշտոնական

Սեբաստիան Կուրցը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները

2 րոպեի ընթերցում

Սեբաստիան Կուրցը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Սեբաստիան Կուրցը կարևորել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել, որպեսզի երկու երկրների կառավարությունները շարունակեն հետագա ակտիվ երկխոսությունը` նոր թափ հաղորդելու հատկապես տնտեսական գործակցությանը, առևտրաշրջանառության ծավալների աճին:

Սեբաստիան Կուրցը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները և նշել, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Հայաստանի բարեփոխումների օրակարգն արդյունավետորեն առաջ մղելու նպատակով: Այդ առումով, կողմերը կարևորել են նաև Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրերի իրականացումը և ԵՄ անդամ պետությունների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում այդ համաձայնագրի վավերացումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Վիեննայում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում