Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Թատերական մի խումբ գործիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների

Թատերական մի խումբ գործիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելության շրջանակում թատերարվեստի մի խումբ գործիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել թատրոնի աշխարհում ներգրավված մարդկանց՝ ընդգծելով, որ վերջիններիս աշխատանքը կենսական կարևորություն ունի հանրության համար:

«Մենք իրավացիորեն հպարտանում ենք, որ մշակութային ազգ ենք, որ մեր թատրոնն ավելի քան երկու հազար տարվա պատմություն ունի: Այո, ոչ ոք չի կարող հերքել, որ երկու հազար տարի առաջ Հայաստանում անտիկ թատերախմբեր էին գործում. սա պատմական փաստ է: Փաստ է նաև, որ մեր թատրոնը հատկապես վերջին երկու հարյուր տարիներին բուռն զարգացում է ապրել, ու մեր թատերական գործիչները հարստացրել են ոչ միայն ազգային, այլև հարևան ժողովուրդների ու երկրների թատերարվեստը»,- նշել է Հայկ Մարությանն ու նկատել, որ հարուստ ժառանգությունն առավելևս պարտավորեցնում է՝ ամեն օր զարգացնելու մեզ ավանդված արժեքները՝ վերցնելով աշխարհից մեր բաժինը ու աշխարհին տալով մերը:

Երևանի քաղաքապետի որոշմամբ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար Պետական կամերային երաժշտական թատրոնի պարուսույց Նարինե Միրզոյանը և  Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Թատրոնի համաշխարհային օրվա և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Կարպիս Շամլյանը:

Ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am