Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նկարիչ Անատոլի Գրիգորյանի անհատական ցուցահանդեսում ներկայացվեցին հեղինակի բազմաոճ գործերը

Նկարիչ Անատոլի Գրիգորյանի անհատական ցուցահանդեսում ներկայացվեցին 
հեղինակի բազմաոճ գործերը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանին նվիրված ցուցահանդեսում, որը բացվեց մարտի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, ընդգրկված են նրա  տարիներով թվագրվող շուրջ 70 մեծադիր կտավ ու էտյուդ, գրաֆիկական թերթ, ճեպանկար, նկարչի նամակագրությունից արժեքավոր նմուշներ, լուսանկարներ, ինչպես նաև անձնական իրեր:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Անատոլի Գրիգորյանն իմ ավագ ընկերն էր: Նա ինձ գունանկար էր դասավանդում: Միշտ ասում էր, որ երիտասարդության կողմից է,  որ հասարակական ակտիվությունը լավ է, բայց մարդ պետք է նաև սովորի: Նա ասում էր, որ ցանկության դեպքում միշտ կարող ենք իրենից խորհուրդ հարցնել, լինել իր արվեստանոցում: Մենք էլ հաճախ էինք նկարահանումների մասնակցում նրա մոտ: Մի անգամ, երբ լրագրողներ, օպերատորներ էին եկել այնտեղ, սուրճ խնդրեցին նրանից, Գրիգորյանն էլ ասաց, որ սիրով կհյուրասիրի: Խմելիս բոլորը փռթկացին: Պարզվեց` նա շաքարավազի փոխարեն աղ էր լցրել սուրճի մեջ: Գրիգորյանը արդարացավ` նշելով, որ նկարիչների արվեստանոցներում, որպես կանոն, շաքար չի լինում, բոլորը դառը սուրճ են նախընտրում, որովհետև նկարիչները շատ քաղցր են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատմեց պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

Ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանի խոսքով`ցուցահանդեսում ամփոփված է նկարչի ամբողջ ստեղծագործական ուղին, մեկտեղված են նրա վաղ շրջանից մինչև անավարտ գործերը: «Ներկայացնում ենք ոչ միայն ճանաչելի Անատոլի Գրիգորյանին, նրա թատերական ներկայացումներ հիշեցնող ստեղծագործությունները,  կարմիր ու հեղեղուն կոլորիտով կոմպոզիցիոն բազմակերպար պատկերները, այլև այցելուներից շատերին անծանոթ դիմանկարները, բնանկարները, այլաբանական շեշտադրումով մերկ կանանց կերպարները: Ինձ համար  հայտնություն էին թանձր ներկաշերտով արված էտյուդները»,-ներկայացրեց համադրողը և հավելեց, որ նպատակ են ունեցել ներկայացնել անհայտ նկարչին:

20-րդ դարի 60-ականներին ասպարեզ եկած նկարիչ Անատոլի Գրիգորյանը ընտրել է հաստոցային գեղանկարչությունը որպես իր ստեղծագործության հիմնական տեսակ, փորձել է ուժերը որպես դիզայներ, կինոնկարիչ, թատերանկարիչ, գրքի նկարազարդող: Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետևս Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում ուսանած Անատոլի Գրիգորյանը ստեղծագործական ուղին սկսել է որպես բեմադրող նկարիչ:  Աշխատել է հեռուստատեսությունում, այնուհետև` «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, ղեկավարել է Գեղարվեստի պետական ակադեմիայի  Գեղանկարչության ամբիոնը: 2005-ին պարգևատրվել է Մովսես Խորենացու շքանշանով, իսկ 2013 թվականին` Գրիգորյանին շնորհվել է ժողովրդական նկարչի կոչում:

Անատոլի Գրիգորյանն ունեցել է անհատական ու խմբային մի շարք ցուցահանդեսներ արտերկրում: Նկարչի ստեղծագործություններն այսօր պահվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում ու պատկերասրահներում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am