Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Ապրիլ

Երևանում վերաբացվելու է Կալիֆորնիա-Հայաստան առևտրի գրասենյակը


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայի նահանգային սենատի Գործարարության և մասնագիտությունների հանձնաժողովը մարտի 25-ին միաձայն հավանություն է տվե սենատոր Էնթոնի Պորտանտինոյի ներկայացրած 302 բանաձևին, որը կարտոնի Երևանում Կալիֆորնիա-Հայաստան առևտրի գրասենյակի վերաբացումը: Բանաձևին աջակցել են հանձնաժողովի թե՛ հանրապետական, թե դեմոկրատ սենատորները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Նախագծի քննարկումներին մասնակցեց հատուկ այդ նպատակով Սակրամենտո մեկնած ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: ՀՀ գլխավոր հյուպատոսը սենատի հանձնաժողովում ունեցած ելույթում հիմնավորումներ ներկայացրեց Կալիֆորնիա-Հայաստան առևտրի գրասենյակի կարևորության վերաբերյալ՝ ընդգծելով, որ ներկա պայմաններում ձևավորվել է վիթխարի գործարար ներուժ, որի իրագործմանն էլ կծառայի գրասենյակի գործունեությունը:

«Իբրև ՀՀ գլխավոր հյուպատոս՝ իմ կարևորագույն առաջնահերթություններից է Հայաստանի և Կալիֆորնիայի միջև տնտեսական գործակցության շեշտակի ընդլայնումը: Մենք լիահույս ենք, որ այս նախաձեռնությունը փոխշահավետ կլինի և էապես կխթանի Կալիֆորնիայից Հայաստան ներդրումները, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական գործունեությունը»,- նշեց Արմեն Բայբուրդյանը և երախտագիտություն հայտնեց սենատոր Պորտանտինոյին բանաձևը նախաձեռնելու համար:

«Հայաստանը կարևոր առևտրային գործընկեր է Կալիֆորնիայի համար, որի հետ հաստատվել են ամուր և մնայուն հարաբերություններ: 302 բանաձևը համակարգային բնույթ կհաղորդի առևտրատնտեսական կապերին: Սենատում ներկայացնելով ամենահայաշատ ընտրաշրջանը՝ ես անչափ ուրախ եմ, որ այս օրենսդրական նախագիծը առաջխաղացում ունեցավ սենատում»,- իր ելույթում նշեց սենատոր Պորտանտինոն:

Տեղեկանք․ Կալիֆորնիա-Հայաստան առևտրի գրասենյակը փակվել էր նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի որոշմամբ՝ 2007 թվականին»,- նշված է հաղորդագրության մեջ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ