Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Գիտաժողովներ, ցուցահանդեսներ, տեղեկատվական արշավներ. կովկասյան ընձառյուծի տարին հագեցած է լինելու միջոցառումներով

Գիտաժողովներ, ցուցահանդեսներ, տեղեկատվական արշավներ. կովկասյան ընձառյուծի 
տարին հագեցած է լինելու միջոցառումներով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտաժողովներ, ցուցահանդեսներ, տեղեկատվական արշավներ. կովկասյան ընձառյուծի տարվա ծրագրի շրջանակում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բնապահպանության նախարարության Կենսաբազմազանության և կենսաանվտանգության  քաղաքականության բաժնի պետ Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ միջոցառումներն անցկացվելու են ամբողջ տարվա ընթացքում:

  «Նպատակ ունենք տարբեր միջոցառումների միջոցով հասարակության լայն շերտերի մոտ բարձրացնել բնապահպանական հարցերի շուրջ իրազեկվածության մակարդակը, ընդգծել ընձառյուծի՝ էկոհամակարգում ունեցած դերը, տվյալ կենդանատեսակի պահպանության կարևորությունը»,-ասաց Ոսկեհատ Գրիգորյանը:

Ծրագրերն իրականացվելու են երկու խմբով: Առաջին խումբ միջոցառումները միտված են ընդգրկելու հասարակության լայն շերտերին: Նախատեսված է տեսահոլովակների թողարկում, կայք էջի բացում, ցուցահանդեսների կազմակերպում: Դպրոցականների համար կկազմակերպվեն դասընթացներ, որոնցում ընդգրկված կլինեն նշանավոր դեմքեր: Ծրագրված է պատկերազարդ գրքի թողարկում:

Միջոցառումների մյուս խումբն ընդգրկելու է միջազգային կառույցների, գիտնականների մասնակցություն: Լոռու մարզի Դեբետ համայնքում հոկտեմբերին կայանալու է գիտաժողով, որին մասնակցելու են մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, բնապահպանական հացերով զբաղվող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց, որ 2002 թվականին հիմնադրամը Բնապահպանության նախարարության հետ իրականացնում է ընձառյուծի պահպանման ծրագիրը:

«Երբ նոր էինք սկսում, այն ժամանակ Հայաստանում մեկ, երկու ընձառյուծ էր լինում, այսօր մոտ 9-10 առանձնյակ կա: Սա բոլոր այն գործընկերների հաջողությունն է, որոնք ներգրավված են եղել այս աշխատանքներում: Դրանում իր ազդեցությունն ունեցավ հատուկ պահպանվող տարածքների հզորացումը, նորերի ստեղծումը, այսօր մեծ գործ է անում բնապահպանական տեսչությունը»,-ասաց Կարեն Մանվելյանը: Նա նշեց, որ ընձառյուծի պահպանման հիմնական խնդիրներն են որսագողությունը, և այս կենդանատեսակի ապրելավայրերի կորուստը, ինչը հիմնականում կապված է հանքարդյունաբերության հետ:

«Այսօր ունենք լավ իրավիճակ, կարող ենք ասել, որ շատացել է ընձառյուծի որս հանդիսացող կենդանիների թիվը: Եթե հարևան երկրներում չպահպանենք այս մոտեցումը, ապա հաջողության չենք հասնի, դրա համար մշակվել է տարածաշրջանային ռազմավարություն: Դրա հիման վրա էլ կմշակվի ազգային գործողությունների ծրագիր, որը շուտով կներկայացվի համապատասխան կառույցներին»,-հավելեց նա:

ՀՀ կառավարության որոշմամբ, 2019 թվականը Հայաստանում հռչակվել է Կովկասյան ընձառյուծի տարի:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]