Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՏՏ ընկերությունը կադրեր է պատրաստելու նաև բուհի մարզային մասնաճյուղում

ՏՏ ընկերությունը կադրեր է պատրաստելու նաև բուհի մարզային մասնաճյուղում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների հայաստանյան առաջատար ընկերություններից մեկը կարևորում է մարզերում կադրերի պատրաստումը. «Սինոփսիս Արմենիա»-ի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի և Գյումրու մասնաճյուղերի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանն ասաց, որ ընկերությունը շատ է կարևորում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, քանի որ այդ զարգացումներից է կախված նաև «Սինոփսիս Արմենիա»-ի առաջընթացը:

«Հայաստանին հատուկ է ուսումնական ծրագրերի պատրաստումը, երիտասարդներին տարբեր ոլորտների մեջ ներգրավելը, ուստի մենք էլ ենք հանդես գալիս նմանատիպ նախագծերով՝ համագործակցելով չորս համալսարանների հետ՝ Երևանում: Սակայն կարող եմ փաստել, որ ամենաբեղմնավոր համագործակցությունը Պոլիտեխնիկական համալսարանի Երևանի մասնաճյուղի հետ է: Եվ այժմ ժամանակն է, որ Սինոփսիսն իր ուսումնական ծրագրերը մարզերում էլ տարածի և նոր ուժեր պատրաստի ոլորտի զարգացման համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Երվանդ Զորյանը:

ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը կարևորեց համալսարանի և «Սինոփսիս Արմենիա»-ի միջև համագործակցությունը՝ վստահեցնելով, որ կնքվող պայմանագիրը դառնալու է նորանոր ձեռքբերումների հաղթաթուղթ:

«Այս տարի մենք նշելու ենք Գյումրու մասնաճյուղի 60-ամյակը, և այս համագործակցությունը դրանով ևս նշանավորվեց: Մեր ուսումնական ծրագրերն ու դրանց իրականացումը պետք է կատարվեն բարձր ստանդարտներին համապատասխան»,-նշեց Ոստանիկ Մարուխյանը:

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պապոյանը հույս հայտնեց, որ Գյումրիից արտագաղթը կդադարի, և այս համագործակցությունը կօգնի երիտասարդներին իրականացնել նպատակները՝ առանց Գյումրուց հեռանալու:

«Գյումրու մասնաճյուղը չունի իրավաբանական անձի կարգավիճակ, սակայն դա չի խանգարում համագործակցության հուշագիր կնքել այնպիսի լուրջ ընկերության հետ, ինչպիսին «Սինոփսիս Արմենիա»-ն Է: Մենք քաջ գիտակցում ենք, որ ապագայում առաջացող խնդիրների ամբողջ պատասխանատվությունը մեզ վրա է լինելու, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ձեզ հուսախաբ չանենք: Թող «Սինոփսիս»-ի ոտքը Գյումրի խերով լինի»,-ասաց Աշոտ Պապոյանը:

«Սինոփսիս»-ը Հայաստան մուտք է գործել 2004 թվականին՝ տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի գերակա ուղղություն հռչակելուց հետո: Ընկերությունը 2007 թվականի մայիսին Երևանում կառուցել է գերժամանակակից գիտաարտադրական կենտրոն: «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն 2009-ին ԱՄՆ-ի տարածքից դուրս գործող ամենամեծ ստորաբաժանումներից մեկն է, որը զբաղվում է գիտահետազոտական- ճարտարագիտական աշխատանքներով էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման - կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում։ 2004 - 2008 թվականներին «Սինոփսիս» ընկերությունը Հայաստանում կատարել է 1.3 միլիարդ ԱՄՆ դոլարի արտադրական-կրթական տեխնոլոգիական ներդրումներ:

Անահիտ Մադոյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am