Բրազիլիայի նախկին նախագահը ձերբակալվել է
19:21, 21 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի իրավապահ մարմինները հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում ձերբակալել են երկրի նախկին նախագահ Միշել Տեմերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Globo պորտալը:
Հետաքննություն իրականացվում է այն կոռուպցիոն սկանդալի շրջանակում, որում 2014 թվականին հայտնվել էր Petrobras ընկերությունը: Մասնավորապես հայտնի էր դարձել, որ որոշ պաշտոնյաներ պայմանագրեր են ստորագրել և դրանց դիմաց ստացել են պայմանագրի արժեքի 3 տոկոսի չափով կոմիսիոն գումարներ: Այդ գումարները հետագայում օգտագործվել են քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին կաշառելու համար:
Բրազիլիայի իրավապահ մարմինները նշում են, որ կոռուպցիոն սխեմայի հեղինակներն այս կերպ աշխատել են շուրջ 3,8 մլրդ ԱՄՆ դոլար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում